Շուշիի դեօկուպացիային ուղղված իրավա-քաղաքական պահանջատիրության գործընթացը վերսկսված է․ Կարեն Զադոյան

«Շուշիի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության գործունեության մեկնարկը տրվեց մայիսի 8-ին։ Այս կազմակերպությունը ստեղծվել է Շուշի քաղաքի, Քարին տակ գյուղի, ինչպես նաև Շուշիի շրջանի այլ տարածքների դեօկուպացիայի հիմնախնդրի լուծմանն ուղղված աշխատանքներ կատարելու համար։

Հասարակական կազմակերպությանը բացման արարողությամբ հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ շնորհավորելով կազմակերպության հիմնադրման կապակցությամբ:

«Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպության հիմնադիրներին և ղեկավարությանը, մայիսի 8-ը, որպես կազմակերպության հիմնադրման պաշտոնեական շնորհանդեսի օր ընտրելու համար: Օրը  խորհդանշական է և ոգեշնչող, քանզի 1992 թվականի մայիսի 8-ին, Շուշիի օկուպացիայից ավելի քան 70 տարի հետո, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ սկսվեց Շուշիի ազատագրման գործողությունը, որը պսակվեց հաղթական արդյունքով` այն է Շուշիի դեօկուպացիայով: Ցավոք, այժմ կրկին անգամ, հայկական Շուշին գտնվում է գերեվարման մեջ և «Շուշիի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության հիմնադրմամբ, այս խորդանշական օրը, կրկին ուղերձ է հղվում, որ

  • հայկական Շուշին նորից օկուպացված է,
  • Շուշիի դեօկուպացիային ուղղված իրավա-քաղաքական պահանջատիրության գործընթացը վերսկսված է:

Մի քանի խոսք նախաձեռնության մասին.

Ինչպես արդեն գիտեք, արցախյան 2020 թվականի պատերազմից հետո բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողմից արդեն հիմնադրվել են «Հադրութի դեօկուպացիա», «Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Դիզակ», «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Վերադարձ դեպի Քարվաճառ», «Կումայրի» արցախահայերի, «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպությունները, մի շարք այլ կազմակերպություններ գտնվում են հիմնադրման փուլում:

Վերոնշյալ հասարակական կազակերպությունների հիմնադրմամբ ստեղծվել է դիմադրության համակարգ հետևյալ միասնական օրակարգով.

  • Արցախի օկուպացված հատվածների դեօկուպացիայի և բնակչության վերադարձի իրավա-քաղաքական հիմնախնդիրների բարձրաձայնում և ներառում միջազգային և ազգային իրավասու կառույցների օրակարգերում,
  • Արցախ օկուպացված տարածքներում գտնվող հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության միջազգային-իրավական պաշտպանություն,
  • բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանություն:

Վերը թվարկված բոլոր հասարակական կազմակերպությունները հանդիսանում են դիմադրության համակարգի առանձին ինքնիշխան հանգույցները, որոնք միտված են դիմադրության միասնական օրակարգի սահմանմանն ու իրագործմանը: «Շուշիի դեօկուպացիա» և մյուս նորաստեղծ հասարակական կազմակերպությունները ռազմավարական մոտեցում որդեգրած և իրենց շահառուների կարիքներին միտված իրապես ինքնիշխան, կառույցներ են: Կառույցներ, որոնք ունեն ներառական եղանակով մշակած ռազմավարություն` իրավիճակի խորը վերլուծությամբ, ապագայի տեսլականով, առաքելությամբ և արժեքներով, առանձնահատուկ նպատակների, խնդիրների, գործողությունների և սպասվելիք արդյունքների  հստակ սահմանմամբ:

Կարծում եմ, որ այս դիմադրության միասնական օրակարգի ներքո պետք է միավորվեն Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայակենտրոն, հայապահպան, իրավապահանջատեր բոլոր ուժերը: Դիմադրության միասնական օրակարգը պահանջում է ներուժի և ջանքերի համախմբում, այլ ոչ թե ջլատում: Այլ կերպ ասած. միասնական դիմադրության օրակարգը պարզապես այլընտրանք չունի:

 Օգտվելով առիթից, առաջիկա ԱԺ ընտրություներում մասնակցության հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերին հորդորում եմ իրենց ծրագրերում ներառել դրույթներ արցախահայերի ինքնորոշման իրավունքի ճանաչման, դրանից բխող Արցախի կարգավիճակի որոշման, արցախահայերի անվտանգության ապահովման և բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության հստակ գործողությունների մասին»,-իր ելույթում ասաց Կարեն Զադոյանը:

Հավելենք, որ «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Հադրութի դեօկուպացիա», «Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Քարվաճառ»,«Վերադարձ դեպի Դիզակ», «Կումայրի» արցախահայերի, «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպություններն ու մի շարք այլ կառույցներ հիմնադրվել ու հիմնադրվում են Իրավաբանների հայկական ասոցիացիայի աջակցությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել