Էրիկն ամենից շատ ավտոմեքենա վարել է սիրել։ Սովորել ու բանակ է գնացել որպես վարորդ։ Ծառայել է Արցախում՝ Մարտունիում, երբեք ծառայությունից չի բողոքել։ Ամեն ինչ լավ էր, մինչև պատերազմը սկսվեց։
«Ամսի 27-ին մի քիչ ուշ զանգեց, բայց շատ ուրախ՝ մեզ մոտ ամեն ինչ լավ է, չանհանգստանաք։ Ամեն անգամ ինքն էր մեզ հուսադրողը, կարծես մենք էինք պատերազմում, ոչ թե իրենք։

Որպես վարորդ ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել, ասել՝ զինվորները սոված չեն մնալու, ոչ մի տղա անզենք չի մնալու։ Մարտունի 2-րդի միակ վարորդն էր, որ 34 օրվա ընթացքում ամբողջ գիշեր զենք ու սնունդ է հասցրել տղեքին, ամբողջ գիշեր ավտոմեքենա է վարել, առավոտն էլ երեխեքի հետ կանգնած է եղել պոստերում, տղեքի հետ էր, առանց հանգստի»,-պատմում է Էրիկ Գալստյանի մայրը՝ Արուսյակ Գալստյանը։
Էրիկի հորեղբոր որդին՝ Վարդգես Գալստյանը, երբ իմացել է պատերազմ է սկսվել, կամավորագրվել է, որ հասնի եղբորը։ Վարդեգի կինը հղի է եղել, բայց դա էլ իրեն հետ չի պահել։ «Անընդհանտ ասում էր՝ գնամ, հասնեմ Էրիկին»,-պատմում է Էրիկի մայրը։ Ցավոք, երկուսն էլ զոհվել, չեն հասցրել իրար տեսնել։
Երկու անգամ մեքենան պայթեցրել են, շրջափակման մեջ է հայտնվել, հրաշքով փրկվել․ «Բազմաթիվ փորձություններից փրկվել էր, որ էդ մեկն էլ փրկվեր․․․»։
Արցախի պետական սահմանը պաշտպանելիս իր արիության ու խիզախության համար Արցախի նախագահի կողմից Էրիկը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
Էրիկ Գալստյանը ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 31-ին, հայրենիքի պաշտպանության համար զոհվել է հոկտեմբերի 30-ին։
Մանրամասները՝ տեսանյութում