Վարդգեսն իմացել է, որ կինը հղի է, բայց կամավորագրվել, գնացել է կռվի, ուզում էր հասներ եղբորը՝ չհասավ

Վարդգես Գալստյանը Արցախյան երկրորդ պատերազմին որպես կամավոր է մասնակցել։ Ուզում էր հասնել հորեղբոր որդուն՝ Էրիկին, ով ժամկետային զինծառայության մեջ էր ու կռվի դաշտում։

Վարդգեսի կինը հղի է եղել, երբ պատերազմը սկսվել է, պետք է ծնվեր նրանց երկրորդ երեխան։ «Գյուղապետարանից երկու անգամ հետ ուղարկեցին, բայց հետ չկանգնեց։ Իմանալով հանդերձ, որ կինը հղի է, միևնույն է, պայքարում էր, որ հասներ կռվի դաշտ ու գիտակցելով, որ էնտեղ ինչ է կատարվում՝ հետ չկանգնեց իր մտքից։ Անգամ կնոջ հղիությունն իրեն հետ չպահեց, գնաց, բայց չհասավ Էրիկին, երկնային կյանքում հասան իրար»,-պատմում է մայրը՝ Արշալույս Հայրապետյանը։

«Ընտանիքին նվիրված էր, շատ ջիգյարով էլ։ Գյուղում էլ, որ փոքրերն էլ գային ասեին՝ Վարդգես, մեզ մի տեղ տար քո մեքենայով՝ չէ բառը չուներ, ով ինչ ասում էր՝ չէր մերժում»,-ասաց հայրը՝ Տիգրան Գալստյանը։

Հոր խոսքով՝ միակ տղան իր ընտանիքի շարունակության միակ հույսն է եղել․ «Իմ հույսն ու հավատն ինքն էր։ Ինքս հիվանդ եմ, սրտիս երեք ստենդավորում ուներ, ինքը պիտի պահեր իր ընտանիքը։ Իմ հույն էր, իմ տան ծուխն էր, մեծ հույսեր էի կապել իր հետ, որ ինձնից հետո իմ ընտանիքը նորմալ կապրի, բայց դե․․․»։

Ծառայակիցները պատմել են, որ մառախուղ է եղել, թշնամին հանկարծակի հարձակվել է։ «Վարդգեսը միանգամից սկսել է ПК-ով աշխատել։ Բարձրացել է, որ առաջ գնա՝ խփել են։ Չի ասել, որ վիրավոր է։ Չորս ժամ էլ կռվել է էդպես։ Հետո արնաքամ ընկել է, տղեքը նոր հասկացել են, որ վիրավոր է, մինչև իջացրել են՝ ճանապարհին մահացել է»,-ասաց հայրը։

Վարգես Գալստյանը ծնվել է 1995 թվականի հունվարի 17-ին, հայրենիքի պաշտպանության համար կղվող մարտերում զոհվել է հոկտեմբերի 28-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել