Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Հանրապետության Նախագահին թեկնածություն առաջարկելու նպատակով վճռաբեկ դատարանի նախագահը Արդարադատության խորհրդի անունից թեկնածուներին գրավոր առաջարկում է ստորև բերված հերթականությամբ (ընդ որում` այն թեկնածուները, որոնց նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, չեն դիտարկվում).
1) առաջին հերթին առաջարկում է առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի այն նախագահին կամ համապատասխան մասնագիտացման դատավորին կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահին կամ դատավորին, ով մինչ այդ գրավոր դիմել է վճռաբեկ դատարանի նախագահին` խնդրելով իրեն տեղափոխել առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում առաջնահերթությունը տրվում է նախ այն դատարանի նախագահին, որտեղ առաջացել է թափուր տեղ, ապա տարիքով ավագին.
2) երկրորդ հերթին առաջարկում է տարիքով ավագ ռեզերվային դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում և ունի թափուր տեղին համապատասխան մասնագիտացում.
3) երրորդ հերթին առաջարկում է կրճատված դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում և ունի թափուր տեղին համապատասխան մասնագիտացում: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում է նախ առաջին ատյանի այլ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա վերաքննիչ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա վճռաբեկ դատարանի տարիքով ավագ դատավորին.
4) չորրորդ հերթին առաջարկում է սահմանված կարգով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված նախկին դատավորներին: Նշված անձանց առաջարկությունը արվում է, անգամ եթե նրանք ընդգրկված են ծառայողական առաջխաղացման ցուցակում: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագ նախկին դատավորին, ապա տարիքով ավագ անձին.
5) հինգերորդ հերթին առաջարկում է թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի՝ Դատական դպրոցն ավարտած թեկնածուներին, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ կրող անձանց` ըստ Դատական դպրոցի ավարտման հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ թեկնածուին: Տվյալ տարվա ավարտածներին առաջարկ կարող է արվել, եթե դատավորների թեկնածությունների ցուցակում չկան Դատական դպրոցը նախորդ տարիներին ավարտած և թափուր տեղին համապատասխան մասնագիտացման թեկնածուներ, կամ դատավորների թեկնածությունների ցուցակում առկա նախորդ տարիներին ավարտած և թափուր տեղին համապատասխան մասնագիտացման բոլոր թեկնածուները այդ պահին կրում են պարտադիր զինվորական ծառայության պարտականություններ:
Աղբյուրը` Իրավաբան.net