Յուրաքանչյուր անձ, որը գտնում է, որ իրեն վերաբերող քաղաքացիական գործով օրենքով սահմանված կարգով ընդունված վերջնական դատական որոշմամբ խախտվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված իր իրավունքը (իրավունքները), Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող և քաղաքացիական գործեր քննելու իրավասություն ունեցող միջազգային դատարան դիմելու իրավունք ունի:
Պետք է իմանալ, որ վերջնական դատական ակտ է համարվում օրենքով սահմանված կարգով առաջին ատյանի դատարանի կայացրած և ուժի մեջ մտած, բողոքարկման ոչ ենթակա, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած և ուժի մեջ մտած, գործի քննությունը սկսելը և շարունակելը բացառող, ինչպես նաև գործն ըստ էության լուծող դատական ակտը:
Միջազգային դատարան դիմելու իրավունքը ծագում է վերջնական դատական որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` համապատասխան միջազգային դատարանի հիմնադիր պայմանագրով կամ նրա լիազորությունները սահմանող միջազգային այլ պայմանագրերով (այսուհետ` միջազգային դատարանի կանոնակարգերով) սահմանված պահից:
Միջազգային դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանվում է տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով:
Աղբյուրը` Իրավաբան.net