Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած լարվածության կապակցությամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը:
Այս մասին նշվում է ՀԱՊԿ քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի մեկնաբանության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ՀԱՊԿ քարտուղարությունում լուրջ անհանգստություն են հայտնում այս տարվա հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների բախման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին առաջացած իրավիճակի լարվածության կապակցությամբ, որի ընթացքում օգտագործվել է նաև ծանր սպառազինություն, ինչի հետևանքով կան սպանվածներ և վիրավորներ»,-նշվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ առկա իրավիճակը չի նպաստում իրադրության կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններին, որոնցից մեկը` Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ պետություն և վկայում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված հրադադարի ռեժիմի խախտումների մասին։
ՀԱՊԿ-ը կողմերին կոչ է անում «անհապաղ դադարեցնել կրակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:
Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին։
Ադրբեջանական կողմը հայտնել է մարտական կորուստների մասին․ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվել է 4 զինծառայողի մահվան մասին տեղեկություն։ Այսօր արդեն Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևը հայտնել է, որ Թովուզի ուղղությամբ սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաևը: