Մարտի 2-ին Շախմատի ֆեդերացիան և Փաստաբանների պալատը փաստաբանների համար կազմակերպել էր շախմատի մրցաշար: Միջոցառմանը ներկա էր շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, աշխարհի թիմային եւ Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:
Գրոսմայստերը 23 խաղատախտակների առջև միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել պալատի անդամների հետ: Նրա որոշմամբ` ուժեղագույնները մրցեցին իրար հետ:
Բացման արարողությանը ներկա Հայաստանի շախմատային ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ Սմբատ Լպուտյանի համար ուրախալի էր այն փաստը, որ շախմատը գնալով ավելի լայն ճանաչում է ստանում:
«Շախմատը խաղ է, տրամաբանական խաղ, բայց նաև արվեստ է և գիտություն, ինչպես նաև սպորտաձև: Այն իր մեջ զուգորդում է հաղթանակի ձգտումը, կամքը, անվրեպ ուշադրությունը մրցակցի ամեն մի քայլի նկատմամբ»- ասաց Փաստաբանների պալատի փոխնախագահ Ա. Զոհրաբյանը:
Մարտի 3-ին կայացավ մրցաշարը, որի ժամանակ պարզ դարձան առաջին երեք առաջատարները: Երրորդ տեղը գրավել է Իրավաբան․net-ի բլոգեր Կարեն Քոչարյանը 5 միավորով:
Առաջին և երկրորդ տեղը զբաղեցրել են համապատասխանաբար Արթուր Դավթյանը 6.5 միավորով և Արմեն Վարդանյան 6 միավորով:
Աղբյուրը` Իրավաբան.net