Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ հավաքված դասադուլի մասնակիցներին առաջարկում էր քաղաքից դուրս գնալ, առանց համազգեստի նստել ու խոսել, քննարկել երիտասարդներին հուզող խնդիրների մասին: «Արդեն գարուն է, բոլորիս տրամադրություններն էլ գարնանային են»,- ժպիտով ասաց Վալերի Օսիպյանը, երբ ուսանողները որոշում էին այսօրվա իրենց անելիքները: Դասադուլավորները խոստացան հանգիստ անցկացնելու համար քաղաքից դուրս գնալ միայն իրենց պահանջին հասնելուց հետո:
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում բաժնի 4-րդ կուրսի ուսանող Վազգեն Գալստյանը դասադուլավորներից առանձին նստացույց էր հայտարարել ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ: Նա Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ ողջունում է ուսանողական ակտիվություն ցուցաբերող դասադուլավորներին, սակայն այս պահին նրանց պահանջի հետ կապված` անվավեր ճանաչել նախագահի ընտրության արդյունքները, աշխատանքից ազատել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին, հայտարարություն չի ցանկանում անել:
«Քանի որ ԵՊՀ-ում ու ընդհանրապես համալսարաններում կրթության որակը և այս պահին ԵՊՀ-ի վարկանիշը բավականին ցածր է, ես վեր եմ հանել խնդիրներ և առաջարկում եմ այդ խնդիրների լուծման համար մշակել համապատասխան ձևաչափեր, որոնք կբարձրացնեն և՛ կրթության որակը, և՛ ԵՊՀ-ի վարկանիշը»,- Իրավաբան.net-ին փոխանցեց Վազգեն Գալստյանը: Վերջինս հույս ունի, որ ԵՊՀ աշխատակազմը կցուցաբերի կառուցողական մոտեցում և կքննարկվեն անմիջապես բուհին առնչվող հարցերը: Այս պահին, որպես նստադուլ անող ուսանող` նա միակն է Մայր բուհում:
Դասադուլի մասնակից Դանիել Իոաննիսյանը Վազգեն Գալստյանի նստադուլի մասին Իրավաբան.net-ին ասաց, որ ընդհանուր առմամբ նրա պահանջը չի հակասում իրենց պահանջին. իրենք պահանջում են արդարություն բուհերում և ամբողջ Հայաստանում, երիտասարդ ուսանողը` բուհում:
Դասադուլավորների վերջնական կանգառն այսօր լինելու է Սահմանադրական դատարանը: Այս պահին միայն այն կարող է կատարել իրենց պահանջը` անվավեր ճանաչել նախագահի ընտրությունների արդյունքները:
Աղբյուրը` Իրավաբան.net