Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արամայիս Հ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. մայիսի 18-ին ժամը` 11-15-ի սահմաններում, Երևան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող Հրազդան կիրճում ձեռքից քաշելու միջոցով բացահայտ հափշտակել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի Բարբարա Դ.-ի ձեռքին եղած պայուսակը, որում եղել է նրա անձնագիրը, միջազգային և գերմանական վարորդական իրավունքի վկայականները, Սամսունգ տեսակի բջջային հեռախոսը, դրամապանակը` 200 եվրո և 45.000 ՀՀ դրամ գումարներով, մաստեր պլաստիկ բանկային քարտ և արևային ակնոցներ` վերջինիս պատճառելով ընդհանուր` զգալի չափերի 400.000 ՀՀ դրամ գույքային վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի` կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net