Հարկերից չես փախչի.Վահեին մեղադրանք է առաջադրվել

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվեց Վահե Սարգսյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Ըստ մեղադրական եզրակացության` նա, հանդիսանալով ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված «Սլավ Ստռոյ» ՍՊ ընկերության տնօրեն և փաստացի ղեկավարելով ընկերության գործունեությունը, 13.07.2009թ.-ից մինչ 21.04.2011թ ընկած ժամանակահատվածը իրականացրել է ձեռնարկատիրական գործունեությունը, սակայն տարածքային հարկային տեսչություն ներկայացրած շահութահարկի, եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի հաշվետվություններով հաշվարկված հարկերի և պարտադիր այլ վճարների գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետում չվճարելով սեփական շահերից ելնելով` ընկերության հիմնական և շրջանառու միջոցները տնօրինել է իր հայեցողությամբ և կանխամտածված ստեղծել անվճարունակության հատկանիշներ:

Գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ անհրաժեշտություն էր առաջացել հարկային մարմիններից ճշտել մեղադրյալ Վահե Սարգյանից գանձվելիք գումարի չափը:

Մեղադրող կողմը հայտնեց դատարանին, որ իր կողմից հարկային համապատասխան մարմիններին ուղարկված հարցման վերաբերյալ դեռևս պատասխան չի ստացվել և խնդրեց ևս մեկ անգամ հետաձգել դատական նիստը, ինչին մեղադրյալը չառարկեց: Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 27-ը:

 

Հանրային թղթակից` Հայարփի Ղարախանյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել