Փոփոխություններ՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգում

Փետրվարի 27-ին ուժի մեջ են մտել չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգում կատարված փոփոխությունները։

Իրավաբան․net-ը ներկայացնում է նոր կարգը՝ առկա փոփոխություններով։

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձանց (այսուհետ` չաշխատող կին) մայրության նպաստ (այսուհետ` նպաստ) նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են`

1) դիմող` մայրության նպաստը նշանակելու և վճարելու մասին դիմում ներկայացրած անձ.

2) շահառու` օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված չաշխատող կին (ում նշանակվում և վճարվում է մայրության նպաստը).

3) տարածքային կենտրոն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ազպահովության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային կենտրոն.

4) անձը հաստատող փաստաթուղթ`

ա. ՀՀ քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ ՀՀ քաղաքացու նույնականացման քարտը,

բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` ՀՀ-ում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

5) բանկ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած բանկ.

6) բանկային հաշիվ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած բանկում բացված հաշիվ:

3. Մայրության նպաստ նշանակվում և վճարվում է`

1) ՀՀ քաղաքացի (այդ թվում` երկքաղաքացի) կամ քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող շահառուին, եթե նա հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեով.

2) օտարերկրյա քաղաքացի շահառուին, եթե նա հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեով:

4. Նպաստը նշանակելու համար դիմողը տարածքային կենտրոն է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն,

բ. շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե դիմողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), բնակության (հաշվառման) վայրի հասցեն,

գ. շահառուի բանկային հաշվի համարը կամ այն բանկը, որտեղից շահառուն ցանկանում է ստանալ մայրության նպաստի գումարը.

2) դիմողի և շահառուի անձը հաստատող փաստաթղթերը, շահառուի հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե շահառուն հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց.

3) ՀՀ կառավարության սահմանած կարգով բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը.

4) ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումը ներկայացվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո.

5) շահառուի ստորագրած հայտարարությունը` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ` օրենքով սահմանված վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսանալու մասին (հայտարարությունը ներառում է նաև շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հայտարարությունը տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը): Հայտարարությունը կարող է շարադրվել նաև ազատ ոճով:

4.1. Եթե շահառուն նախածննդյան հսկողության է կանգնել (հաշվառվել է) կամ ծննդաբերել է Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպությունում, ապա մայրության նպաստ նշանակվում է, եթե շահառուին Արցախի Հանրապետությունում մայրության նպաստ չի նշանակվել:

4.2. Սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում մայրության նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին ներկայացվելու դեպքում շահառուին` Արցախի Հանրապետությունում մայրության նպաստ նշանակված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է ծառայությունը` դիմումը ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այս դեպքում սույն կարգի 10-րդ կետում նշված մեկամսյա ժամկետը հաշվարկվում է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանն ստանալու օրվանից:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված` դիմողին վերաբերող դրույթները կիրառելի են, եթե դիմողը շահառուն չէ:

6. Եթե առկա է նույն շահառուին մայրության նպաստ նշանակելու մասին մերժված դիմում, որից հետո ներկայացվում է նոր դիմում, ապա մերժված դիմումին կից ներկայացված փաստաթղթերը համարվում են նոր դիմումին կից ներկայացված փաստաթղթեր` բացառությամբ դիմողի անձը հաստատող փաստաթղթի, որը ներկայացվում է անկախ որևէ հանգամանքից:

7. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո` մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, վաղաժամ ծննդաբերելու դեպքում մայրության նպաստը տրվում է 70 օրվա համար` հաշված երեխայի ծննդյան օրվանից (ներառյալ այն դեպքը, երբ երեխան ծնվել է մահացած): Այս դեպքում ներկայացվում է վաղաժամ ծննդաբերելու մասին փաստաթուղթ:

10. Ներկայացված փաստաթղթերի և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային կենտրոնը` դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում որոշում է`

1) մերժել մայրության նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել շահառուին (տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին).

2) նշանակել և վճարել մայրության նպաստը:

11. Տարածքային կենտրոնը մերժում է մայրության նպաստ նշանակելը (տեղեկացնում է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին), եթե`

1) շահառուն չունի մայրության նպաստի իրավունք, կամ`

2) դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ`

3) համաձայն առկա տեղեկատվության` շահառուի մայրության նպաստը պետք է նշանակվի և վճարվի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, կամ`

4) դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու (140 օր) ժամանակահատվածն ավարտվելուց (ժամկետը լրանալուց) հետո: Ընդ որում, սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում 140-օրյա ժամանակահատվածը հաշվարկվում է երեխայի ծննդյան օրվանից.

5) սույն կարգի 4.2-րդ կետում նշված տեղեկատվության համաձայն շահառուին Արցախի Հանրապետությունում նշանակվել է մայրության նպաստ:

12. Տարածքային կենտրոնը նաև մերժում է մայրության նպաստ նշանակելը, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ ՀՀ բնակության վայրի հասցեով կամ օտարերկրյա քաղաքացի շահառուն հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված չի եղել ՀՀ բնակության վայրի հասցեով:

13. Տարածքային կենտրոնը, սույն կարգի 11-րդ կամ 12-րդ կետերով սահմանված դեպքերում, որոշումն ընդունելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով տեղեկացնում է շահառուին: Եթե տարածքային կենտրոնը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա որոշումն ուղարկվում է շահառուին` բնակչության պետական ռեգիստրում առկա` ՀՀ-ում բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում (բացառությամբ 11-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի), եթե նախորդ դիմումը մերժելու մասին որոշման ընդունման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կրկին ներկայացվում է նույն շահառուին մայրության նպաստ նշանակելու մասին դիմում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը: Այս դեպքում դիմումին կից ներկայացվում են միայն պակասող փաստաթղթերը (բացառությամբ դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի, որը ներկայացվում է` անկախ որևէ հանգամանքից):

14. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում տարածքային կենտրոնը վճարում է նպաստը:

15. Մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով:

16. Եթե մայրության նպաստը նշանակելու մասին դիմումը ներկայացրել է այլ անձ, ապա մայրության նպաստը վճարվում է շահառուի բանկային հաշվին փոխանցելու եղանակով` բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է մայրության նպաստը դիմումատուին վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր: Շահառուի տված` նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր ներկայացնելու դեպքում նպաստը վճարվում է լիազորված անձի բանկային հաշվին փոխանցվելու միջոցով:

17. Մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած բանկում բացված շահառուի կամ նրա լիազորած անձի բանկային հաշվին գումարը փոխանցելն է:

19. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նպաստի չվճարման դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարում է:

20. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով նշանակված, սակայն շահառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման:

Հավելենք, որ կառավարության փետրվարի 20-ի որոշմամբ, եթե 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածում չաշխատող անձի մայրության նպաստ նշանակելու դիմումը մերժվել է ծննդօգնության պետական հավաստագիրը չներկայացվելու հիմքով, ապա մայրության նպաստը նշանակվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ին` անկախ նոր դիմում ներկայացնելու հանգամանքից:

Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի ավարտը 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածում է, ապա մայրության նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 140-օրյա ժամանակահատվածում ներկայացվելու դեպքում համարվում է, որ անձը դիմել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել