Ինչպես արդեն հայտնել ենք, մինչև փետրվարի 16-ը ներառյալ, www.iravaban.net կայքում կհրապարակվեն Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածուներին, ընտրվելու դեպքում Հայաստանում կոռուպցիան նվազագույնին հասցնելու ուղղությամբ, առաջադրված հարցերի կապակցությամբ արտահայտած դիրքորոշումները:
Պատասխանների ստացման հաջորդականություննը պահպանելով՝ ներկայումս ընթերցողին ենք ներկայացնում ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի տեսակետը:
Հիշեցնենք, որ Կազմակերպության կողմից առաջադրվել է վեց հարց:
1. Ի՞նչ գործողություններ եք նախատեսում իրականացնել երկրում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար.
Հրանտ Բագրատյան – Կոռուպցիայի դեմ պայքարի համար նախ պատրաստվում եմ կառուցվածքային փոփոխություններ կատարել: Այսինքն` երբեք պատվիրատուն չպետք է կատարի կապալառուի ֆունկցիա, երբեք չպետք է սուբսիդավորել մատակարարին, չի կարելի համատեղել իշխանությունն ու սեփականությունը, պետական կառավարումն ու ձեռնարկատիրական գործունեությունը: Սրանց լուծումները տրված են «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն» համալիր ծրագրում: Առաջարկել եմ այլընտրանքային դատական համակարգ, մաքսային ծառայություն: Արդյունքում` կառուցվածքային բարեփոխումները կբերեն կոռուպցիայի կրճատման 80 տոկոսով:
2. Որո՞նք են Ձեր համար կոռուպցիայի տեսանկյունից խոցելի ոլորտներ, որոնք առաջնահերթության կարիք են զգում կոռուպցիայից ձերբազատելու համար.
Հրանտ Բագրատյան – Դատական համակարգ, պետական պատվերներ և պետական գնումներ, բյուջետային ոլորտ և այլն:
3. Արդյո՞ք նախատեսվում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված անկախ մարմին, և ի՞նչ կարգով.
Հրանտ Բագրատյան – Ոչ, կոռուպցիայի դեմ կպայքարի վերափոխված, վերակազմավորված դատախազությունը և նոր դատական համակարգը:
4. Իրատեսակա՞ն եք համարում պաշտոնավարման առաջիկա 5 տարիների ընթացքում ապօրինի հարստացման քրեականացումը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցած «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» և «Կանխիկ գործառնությունների սահմանափակումների մասին» ՀՀ օրենքների ընդունումը.
Հրանտ Բագրատյան – Քրեականացման մասով այս պահին պատրաստ չեմ պատասխանելու: Եկամուտների մասին իմ ծրագրում գրված է, ոչ միայն եկամուտների, այլև ծախսերի հայտարարագրում պետք է լինի (այսինքն` իմ մոտեցումը ավելի խիստ է, քան ձեր ասածը), կանխիկ գործառնությունների մասին նոր օրենսդրության ընդունման անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև դա կարող է ավելացնել ստվերը:
5. Կոռուպցիոն հանցագործութունների համար քրեական պատիժը նախատեսու՞մ եք խստացնել` այն դասելով ծանր հանցագործությունների թվին.
Հրանտ Բագրատյան – Այստեղ ներդրվելու են գույքի գրավի, ունեցվածքի մասնակի առգրավման խիստ մեխանիզմներ:
6. Որպես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիք՝ հաղորդում տվող անձանց պաշտպանության ու խրախուսման համար ինչպիսի՞ մեխանիզմներ եք նախատեսում իրագործել:
Հրանտ Բագրատյան – Նախատեսում ենք, կոռուպցիայի արդյունքում շրջանառված գումարի նկատմամբ տոկոսով փոխհատուցում նախաձեռնել պետական բյուջեից, եթե հաղորդումն, ի վերջո, բացահայտել է կոռուպցիայի փաստում:
Հիշեցնում ենք, որ ՀՀ նախագահի այն թեկնածուները, ովքեր դեռևս չեն պատասխանել, կարող են դրանք ուղարկել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակ, Նալբանդյան 7, գրասենյակ 2 հասցեով, կամ՝ [email protected] էլեկտրոնային հասցին:
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիր
Լուսանկարը՝ https://bagratyanpresident.am-ի
Աղբյուրը՝ Իրավաբան․net