ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը հայց է ներկայացրել ընդդեմ «Բելլեզզա» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Ալեքյանի` պատասխանողին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.3-րդ հոդվածի հատկանիշներին համապատասխանող ցուցանակները ոչ հայերեն ձևավորելու համար:
Ըստ տեսչության արձանագրության՝ վարչական իրավախախտումները շարունակվող և տևող են, իսկ էությամբ` ՎԻՎ օրենսգրքով նախատեսված կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող։ Արձանագրված վարչական իրավախախտումների համար ըստ Օրենսգրքի 14-րդ հոդվածի և ՀՀ Գերագույն Խորհրդի «Լեզվի մասին» ՀՀ օրենքի կիրարկման կարգի մասին 30.03.1993թ. Հ.Ն-0774-1 որոշման` պատասխանատու է «Բելլեզզա» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Ալեքյանը։ Արձանագրությունն Արսեն Ալեքյանին առաքվել է փոստով, քանի որ արձանագրության 2-րդ օրինական Արսեն Ալեքյանը հրաժարվել է ստանալ առձեռն։
Ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները։
08.09.2008թ. «Բելլեզզա» ՍՊԸ-ն ստացել է պետական գրանցում։ 09.10.2008թ. նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի ընթացակարգով ՀՀ-ում իրավական պահպանություն է ստացել «Brioni» ապրանքային նշանը, որի իրավատերն է հանդիսանում «Brioni S.P.A.» ընկերությունը։ 21.07.2009թ. «Բելլեզզա» ՍՊԸ-ն կնքել է պայմանագիր «Brioni Roman Style» S.P.A. ընկերության հետ, որի հիման վրա հանդիսանում է վերջինիս բացառիկ ներկայացուցիչը ՀՀ-ում և ունի «Brioni» ապրանքային նշանն օգտագործելու բացառիկ իրավունք ՀՀ-ում։
Ըստ հայցվորի` պատասխանողի կողմից խանութի մուտքի և լուսամուտախորշերի վերևում տեղադրված «Brioni» ցուցանակները (երեք միավոր) ձևավորված են ոչ հայերեն՝ միայն օտարատառ, իսկ պատասխանողի խոսքով՝ «Brioni» ապրանքային նշանը` տեղադրված խանութում, բոլորովին չի կարող համարվել ցուցանակ։
Սույն գործով դատարանը փաստեց, որ սույն դեպքում «Բելլեզզա» ՍՊԸ-ի գործունեության վայրում առկա գրավածքները վկայում են «Brioni» ապրանքային նշանի ներքո արտադրվող ապրանքների «Բելլեզզա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված վաճառքի առաջարկ։ Հետևաբար դատարանի համոզմամբ «Brioni» ապրանքային նշանի` որպես գովազդ կամ վաճառքի առաջարկ օգտագործելու արգելք օրենքով նախատեսված չլինելու պայմաններում, «Brioni» ապրանքային նշանի ուղղակի գործածմամբ դրսևորված «Բելլեզզա» ՍՊԸ-ի գործողությունը թույլատրելի է, հետևաբար նման գործողությունը չի կարող որակվել որպես իրավախախտում։ Ուստի «Բելլեզզա» ՍՊԸ-ի կողմից թույլ չի տրվել Օրենսգրքի 189.3-րդ հոդվածին համապատասխանող վարքագիծ, հետևաբար ընկերության տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին Տեսչության պահանջը հիմնավոր չէ և ենթակա է մերժման։
ՀՀ կրթության և գիտության նախարարություն լեզվի պետական տեսչությունը սույն գործը ներկայումս վիճարկում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Աղբյուրը` Իրավաբան.net