Ունեն արդյո՞ք դատապարտյալները կրթության իրավունք:
Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական Օրենսգրքի գլուխ 16-րդը վերաբերում է որոշակի ժամկետով կամ ցմահ դատապարտված անձի աշխատանքին, կրթությանը, ինչպես նաև կազմակերպվող մշակութային, լուսավորչական, կրոնական և մարզական միջոցառումներին:
Համաձայն 89-րդ և 90-րդ հոդվածների` ուղղիչ հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դատապարտյալի հիմնական և հեռակա բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթությունը կազմակերպելու համար: Դատապարտյալի կրթությունը կազմակերպվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով: Ուսանող դատապարտյալը քննություններ հանձնելու կապակցությամբ աշխատանքից ազատվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով։
Բացի այդ, ուղղիչ հիմնարկում կարող է կազմակերպվել դատապարտյալի նախնական մասնագիտական` արհեստագործական կրթություն: Մասնագիտական կրթությունը հնարավորինս պետք է լինի այնպիսին, որպեսզի աշխատանքի կատարման ընթացքում պահպանվեն կամ բարելավվեն դատապարտյալի` պատժից ազատվելուց հետո ապրուստի միջոց վաստակելու ունակությունները։ Նախնական մասնագիտական կրթությունն անչափահաս դատապարտյալի համար իրականացվում է աշխատանքային օրվա տևողության սահմաններում։
Ներկայացնենք նաև շատ հետաքրքրական տեղեկություն այն մասին, որ 2012-2013 կրթական շրջանում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալների ընդունելության քննությունների արդյունքում դատապարտյալներից մեկն ընդունվել է հեռակա Հայ-Ռուս Սլավոնական Համալսարան: Դասախոսական անձնակազմի խոսքերով` ի տարբերություն շատ դիմորդների ավելի լավ հանձնելով ընդունելության քննությունները:
Աղբյուրը` Իրավաբան.net