ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով սահմանվում է ընտանեկան բռնության հասկացությունը, ընտանեկան բռնությունից պաշտպանության և դրա կանխարգելման բնագավառում լիազորություններ ունեցող մարմինները և այդ մարմինների ֆինանսավորման աղբյուրները, ընտանեկան բռնությունից պաշտպանելու և դրա կանխարգելման հատուկ մեխանիզմների տեսակները, դրանք կիրառելու հիմքերը, հատուկ մեխանիզմների կիրառման ժամանակ ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը, ընտանեկան բռնություն կատարելու համար պատասխանատվությունը:
Նախագծի համաձայն` «ընտանեկան բռնությունը» ընտանիքի անդամների միջև ֆիզիկական, սեքսուալ, հոգեբանական կամ տնտեսական բռնության կիրառումն է, այսինքն`
1) ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսին, վերջինիս կամքին հակառակ, ցանկացած արարքի միջոցով դիտավորությամբ ֆիզիկական ցավ կամ տառապանք պատճառելը, ծեծի, խոշտանգման ենթարկելը, դիտավորությամբ մարմնական վնասվածք կամ առողջությանը վնաս պատճառելը կամ կյանքից զրկելը,
2) ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի արժանապատվությունը ստորացնելը, վերջինիս ցանկացած արարքով դիտավորությամբ հոգեկան տառապանք պատճառելը կամ հոգեկան հարկադրանքի, այդ թվում` սպառնալիքների ենթարկելը,
3) երեխայի ներկայությամբ ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի նկատմամբ, վերջինիս կամքին հակառակ, դիտավորությամբ ցանկացած բռնության գործադրումը, որը երեխային հոգեկան տառապանք է պատճառել,
4) ընտանիքի մեկ անդամի կողմից մյուս անդամի կամքին հակառակ վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը կամ նրան սեռական հարաբերության հարկադրելը,
5) ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի հանդեպ անհարկի տնտեսական վերահսկողություն սահմանելու նպատակով վերջինիս կամքին հակառակ նրա գույքը դիտավորությամբ վերցնելը, ոչնչացնելը, վնասելը, յուրացնելը, վատնելը,
6) կենսական անհրաժեշտության պայմաններից, այդ թվում սննդից, դեղորայքից կամ դրանց ձեռք բերման համար անհրաժեշտ միջոցներից և/կամ բժշկական օգնությունից դիտավորությամբ զրկելը, ինչպես նաև անձի ազատ տեղաշարժվելու կամ այլ անձի հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելը:
Նախագիծը սահմանում է նաև «ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերին աջակցման» հասկացությունը, այն է` հատուկ միջոցառումների համակարգ, որն ուղղված է ընտանեկան բռնությանը նպաստող պատճառների և պայմանների չեզոքացմանը, ընտանեկան բռնության կանխմանը, ընտանեկան բռնության խափանմանը, ընտանեկան բռնություն կատարած անձին պատասխանատվության ենթարկելուն, ինչպես նաև ընտանեկան բռնության զոհի առողջական-սոցիալական վերականգնմանը:
«Նման օրենքի ընդունման նպատակահարմարությունը, ըստ իս, միանշանակ չէ: Կարծում եմ` ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունմամբ չէ, որ պետք է պայքարել մեր հասարակությունում առկա այս երևույթի դեմ: Աշխատանքները առավելապես պետք է տարվեն հասարակության անդամների գիտակցության և իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ»,-այս մասին Իրավաբան.net-ի հետ հարցազրույցում հայտնեց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net