Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 1-ին, մեկնարկել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը:
Հայկ Սարգսյանի գործով վկայություն տվող Արթուր Ղևոնդյանը նշեց, որ դեպքից հետո մեկնել է ՌԴ, Սոչի, Օդեսսա։
Վկային հարցեր ուղղեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Փաստաբանը հարց ուղղեց, թե ո՞վ է գնել ինքնաթիռի տոմսերը՝ ինքը, թե Սարգսյանները, ի պատասխան որի վկան նշեց, որ թե՛ ինքն է գնել, թե՛ նրանք։
«Հարգելի Սարգսյան Երեմ, եթե ես կրակած լինեի, կնայեի դատավորի աչքերի մեջ, կասեի՝ ես եմ կրակել»,- ասաց Արթուր Ղևոնդյանը՝ Հայկ Սարգսյանի պաշտպանին։
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Նշենք նաև, որ Հայկ Սարգսյանը 2018 թվականի հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին, 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: