Այսօր՝ ապրիլի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը:
Նիստին ներկա չէր գործով որպես տուժող ներգրավված Դավիթ Սիմոնյանը:
Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացվեց, որ նիստին չեն ներկայացել 3 վկաները: Վկաներից Լաուրա Առաքելյանը, ով դատական նիստի մասին պատշաճ ծանուցվել է, հեռախոսակապի միջոցով հայտնել է, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ, իսկ մյուս վկա Արթուր Ղևոնդյանը այս պահին երկրում չի գտնվում:
Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Լաուրա Առաքելյանին բերման ենթարկեն դատարան, քանի որ բժշկական որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, իսկ մյուս երկու վկաներին կրկին ծանուցել:
Դատարանը մերժեց միջնորդությունը՝ Լաուրա Առաքելյանին բերման ենթարկել դատարան, քանի որ նրա չներկայանալը պայմանավորված է առողջական վիճակով. նա հաջորդ դատական նիստի մասին կծանուցվի:
Արթուր Ղևոնդյանի գնտվելու վայրը պարզելու համար դատարանը որոշեց դիմել համապատասխան մարմիններին:
Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջորդություն ներկայացրեց դատարան, որպեսզի իր պաշտպանյանին վերադարձվի նրա անձնագիրը, ինչպես նաև թույլ տրվի հատել ՀՀ սահմանը:
«Ամբաստանյալ Հայկ Սարգսյանի գործով դեռևս նախաքննության ընթացքում՝ 2018 թվականի հուլիսի 4-ին, որոշում էր կայացվել որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին: Նույն օրը Սարգսյանի անձնագիրը վերցվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից, ինչպես նաև համապատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը հանձնարարվել էր արգելել Հայկ Սարգսյանի ելքը՝ Հայաստանի Հանրապետությունից: Հետագայում Հայկ Սարգսյանի նկատմամբ վերը նշված խափանման միջոցը վերացվել է և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, այնուհետև դատարանի կողմից Հայկ Սարգսյանի նկատմամբ թույլատրելի է ճանաչվել գրավի կիրառումը և համապատասխանաբար գրավի դիմաց ազատ է արձակվել:
Հարկ եմ համարում նշել, որ անձի մասնավոր և ընտանեկան կյանքի պաշտպանության վերաբերյալ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ անձը հաստատող փաստաթուղթը վերցնելն անձի մասնավոր կյանքի շարունակական միջամտությունն է՝ այն բանի հաշվառմամբ, որ այդ փաստաթուղթը քաղաքացիների կողմից օգտագործվում է առօրյայում, ինչպես նաև այնպիսի կարևոր կարիքների բավարարման համար ինչպիսիք են աշխատանք գտնելը կամ բժշկական օգնություն ստանալը»,-մանրամասնեց Երեմ Սարգսյանը:
Քանի որ Հայկ Սարգսյանի նկատմամբ այժմ որպես խափանման միջոց է կիրառված գրավը՝ դատարանը բավարարեց միջնորդությունը, որի համաձայն նրա անձնագիրը հետ կվերադարձվի: 33-ամյա Հայկին թույլ կտրվի նաև հատել ՀՀ սահմանը:
«Կիրառված սահմանափակումները ամբաստանյալի կողմից խախտելու դեպքում գրավի գումարը ենթակա է բռնագանձման՝ հօգուտ պետության, միաժամանակ՝ խափանման միջոցը գրավը կարող է փոխարինվել կալանավորմամբ: Վերոգրյալը համարվում է այն երաշխիքը, որը պետք է ապահովի ամբաստանյալի պատշաճ վարքագիծը՝ խափանման միջոցի կիրառման պայմաններում»,-պարզաբանեց դատավոր Աննա Դանիբեկյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 16-ին՝ 15:00-ին:
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Նշենք նաև, որ Հայկ Սարգսյանը 2018 թվականի հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին, 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:
Ալիսա Չիլինգարյան