Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 1-ին, մեկնարկել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը: Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը:
Հայկ Սարգսյանի գործով վկայություն տվեց Արթուր Ղևոնդյանը։ Նա նշեց, որ լավ հարաբերությունների մեջ է Հայկ Սարգսյանի հետ, նույնը՝ տուժող Դավիթ Սիմոնյանի հետ։ Վկան նշեց, որ ոչ մի կապ չունի գործի հետ, ընդհանրապես տեղյակ չէ՝ ով է կրակել և այլն։ Դատավորը ևս մեկ անգամ շեշտեց, որ վկան պարտավոր է դատավորին հայտնել իրեն հայտնի տեղեկությունները, ինչից հետո Արթուր Ղևոնդյանը որոշ մանրամասներ հայտնեց։
Ի պատասխան դատախազ Աբգար Առաքելյանի հարցին, վկան հայտնեց, որ Հայկ Սարգսյանի հարևանն է, նրանց տան համար ըստ տրված ցուցակի մթերք է գնել՝ առևտուր արել ընտանիքի համար։
Դատախազի հարցին ի պատասխան, նա նաև նշեց, որ կրակողը Հայկ Սարգսյանն է եղել, կրակոցը պատահաբար է արձակվել։
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Նշենք նաև, որ Հայկ Սարգսյանը 2018 թվականի հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին, 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:
Մանրամասները՝ տեսանյութում