Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունիսի 1-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատավճիռը։
ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) դատարանը վճռեց Հայկ Սարգսյանի մեղավոր ճանաչել, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) ամբաստանյալը արդարացվեց։
Դատարանը որոշեց նաև գրավը վերացնել և 50 միլիոն դրամը վերադարձնել Հայկ Սարգսյանին։
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: