Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:
Փաստաբան Երեմ Սարգսյանը դատարնին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի տուժողի հագուստները համարվեն իրեղեն ապացույց և բերվեն դատարան.
«Միջնորդում եմ, որպեսզի վարույթն իրականացնող մարմնից պահանջեք Դավիթ Սիմոնյանի հագուստները, որոնք տրվել են փորձաքննության և հայտարարվել է, որ դրանց վրա հայտնաբերվել են հանցագործության հետքեր, ապա պետք է այդ հագուսը ճանաչվի իրեղեն ապացույց, ինչպես որ ճանաչվել է զենքը, որով նշվում է, թե կրակոց է արձակվել»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Դատախազն ասաց, որ հագուստները պահպանված չեն, քանի որ քրեական գործի որոշ նյութեր ոչնչացված են՝ այդ թվում հագուստները։ Դատարանը պահանջեց փաստաթղթեր ներկայացնել, որոնք կապացուցեն, որ այդ նյութերը ոչնչացվել են: Քանի որ հագուստների վերաբերյալ դատարանը տեղեկություն չուներ, անհրաժեշտ տվյալները ներկայացնելու համար դատախազին մեկ շաբաթ ժամանակ տրամադրեց:
Հավելենք, որ դատարանը որոշեց բերման ենթարկել տուժող Դավիթ Սիմոնյանին, քանի որ նրա բացակայությունը այսօրվա նիստին չուներ հարգելի պատճառ, իսկ նա պատշաճ ծանուցվել էր։ Դատական նիստը հետաձգվեց։ Այն տեղի կունենա նոյեմբերի 21-ին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Ալիսա Չիլինգարյան