Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քննվեց քննվում է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու կալանքի վերաբերյալ հարցը։
Դատավորը հարցեր հղեց Հայկ Սարգսյանին՝ ճշտելով նրա անձնական տվյալների մասին մի շարք տեղեկություններ։
Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 3-ին, Արցախում՝ Ստեփանակերտում, ազգությամբ հայ է և ՀՀ քաղաքացի, ունի բարձրագույն կրթություն և աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝հասարակական կարգի պահպանության պետի տեղակալի պաշտոնում։ Նա նաև նշեց, որ ամուսնացած է, իր խնամքի տակ ունի երկու երեխա՝ 5 և 2 տարեկան։ Դատավորը նաև հարցրեց, արդյո՞ք նա առողջական խնդիրներ ունի, ինչի մասին Հայկն ասաց, որ որոշ խնդիրներ ունի՝ նշելով, որ չի ցանկանում բարձրաձայնել դրանց մասին։
Նրա պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը միջնորդությամբ հանդես եկավ։ Նա նշեց, որ դատարանը պետք է դիմի վարույթն իրականացնող մարմնին, պահանջի գործով առկա մի շարք փաստաթղթերի իսկությունը, քանի որ դրանց մի մասը, միայն պատճեններով է ներկայացված եղել դատարանին, որոնք իրավական ուժ չունեն։
Ներկայացված միջնորդությունը դատարանը թողեց առանց քննության, ինչը՝ Երեմ Սարգսյանի խոսքով, ցույց է տալիս դատարանի կաշկանդվածությունը։
Պաշտպանը միջնորդեց բացարկ հայտնել գործով մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանին, ինչին դատարանը ևս չանդրադարձավ։ Այս միջնորդությանը հետևեց պաշտպանի միջնորդությունը՝ բացարկ հայտնել դատարանին։ Նա նշեց, որ ահասկանալի է, թե ինչպես է գործը մակագրվել տվյալ դատավորին։ Ինչին դատարանը պատասխանեց, որ համակարգչային ծրագրի միջոցով է եղել։ Դատարանին նա միջնորդություն հայտնեց՝ մեկ օրով կամ ողջամիտ ժամկետով հետաձգել դատական նիստը, որպեսզի դատավորին ինքնաբացարկ ներկայացնի, և բացի այդ իրեն տրամադրեն նիստի ձայնագրությունը։
Դատավորը դատական նիստն ընդմիջեց ընդամենը 15 րոպեով՝ ասելով, որ նիստի ձայնագրությունը կտրամադրվի նիստից հետո, ինչը փաստաբանի մեկնաբանմամբ՝ անհնար էր։
Ընդմիջումից հետո դատավորը հարցրեց պաշտպանական կողմի դիրքորոշումը, ինչին ի պատասխան Երեմ Սարգսյանն ասաց, որ տրված 15 րոպեն ոչնչով չօգնեց՝ ինքնաբացարկի հիմանվոր դիմում պատրաստելու համար։
Այնուհետև քննվեց Հայկ Սարգսյանի կալանքի ժամկետը երկացանելու մասին միջնորդությունը։ Դատավորը հարցրեց, արդյո՞ք պաշտպանական կողմը համաձայն կլինի խափանման միջոցը փոխարինել գրչավով, և եթե այո՝ որքան գումար են պատրաստ նրանք վճարել, ինչի ի պատասխան Երեմ Սարգսյանը նշեց․ «Այն չափը, որը դատարանը կգտնի, որ կապահովի մեղադրյալի պատշաճ կարգը, մենք պատրաստ ենք վճարել, Հայկ Սարգսյանի ընկերները նման պատրաստակամություն հայտնել են»։
Դատախազը հայտնեց, որ գրավի կիրառումն անթույլատրելի է։
Դատարանը հայտարարեց, որ խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։30-ին։
Ալիսա Չիլինգարյան
Խորեն Գրիգորյան