Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ասացին, որ զենք են գտել, խաղացել…». Հայկ Սարգսյանի գործով ցուցմունք տվեց Ալեքսանդր Սարգսյանի հարևանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 2-ին, կայացավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը:

Նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշում ընդունեց դատարան բերման ենթարկել գործով վկա Սամվել Ասլանյանին:

Այսօր նա ներկայացել էր նիստին: Ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, իրեն դատարան բերման ենթարկելու որոշման մասին իմացել է հեռուստատեսությամբ, երբ եղել է հիվանդանոցում. ցուցմունք տալիս նա պարբերաբար նշում էր, որ վատառողջ է և նոր է սրտի վիրահատություն տարել:

Սամվել Ասլանյանը, ով Հայկ Սարգսյանի հոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հարևանն է, նշեց, որ Սարգսյանների ընտանիքի հետ միշտ էլ լավ հարաբերությունների մեջ է եղել: «Մեծ մարդիկ ենք, գալիս բարև ենք տալիս, հարևանություն են անում, իր հետ եմ շփվում, երեխեքի հետ ինչ գործ ունեմ»,-ասաց վկան:

Նա պատմեց, թե ինչ է լսել և ինչ ցուցմունք է տվել 11 տարի առաջ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանի նկուղային հարկում տեղի ունեցած դեպքի մասին: Վկան նաև նշեց, որ նորմալ հարաբերություններ է ունեցել նույն բակի բնակիչներ Արթուր Ղևոնդյանի և Դավիթ Սիմոնյանի հետ:

Ըստ նախնական տեղեկության, կարծել է, թե մարմնական վնասվածք ստացածը Արթուր Ղևոնդյանն է եղել, ավելի ուշ՝ հիվանդանոցում իմացել է, որ Դավիթ Սիմոնյանն է եղել:

«Դեպքի օրը, չեմ հիշում ժամը քանիսն էր, ասացին, որ բակում դեպք է պատահել, գնացի, ասացին, որ զենք են գտել խաղացել… տարել են հիվանդանոց: Թե ում են տարել, ինչու են տարել, չկարողացան բացատրել: Հետո ասացին, ով է, ասացին, որ գնամ նրա ծնողներին ասեմ, չանհանգստանան, իմանան, որ թեթև բան է, տարել են հիվանդանոց՝ տիրություն անեն: Հետո թողեցի դուրս եկա: Երեկոյան, ինձ զանգահարեց Աբոն (Ալեքսանդր Սարգսյանի աներձագը) և ասաց, որ սխալ են ասել, վնասվածքը ստացել է ոչ թե Արթուրը, այլ Դավիթը, իրենց ասա, որ չանհանգստանան»,- պատմեց վկան ու հավելեց, որ ավելի ուշ  գնացել է այն հիվանդանոց, որտեղ գտնվում էր Դավիթ Սիմոնյանը:

Նրա խոսքով` Հայկ Սարգսյանի և միջադեպի հետևանքով մարմնին կրակոց ստացած Դավիթ Սիմոնյանի հարաբերությունները միշտ լավ են եղել, դեպքից հետո՝ նույնիսկ ավելի լավ:

Դատախազի հարցերին պատասխանելիս Սամվել Ասլանյանը նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանը դեպքի մանրամասներ չի իմացել, չի իմացել նույնիսկ մասնակիցների անունները: Նրա խոսքով, քննիչի ներկայությամբ առերեսվել է Ալեքսանդր Սարգսյանի հետ, հարցաքննվել:

Գործով դատախազ Աբգար Առաքելյանը միջնորդեց հրապարակել նախաքննության ընթացքում վկայի տված ցուցմունքները, քանի որ դրանցում և դատարանում տված վկայության մեջ առկա են հակասություններ:

«Վկան նախաքննության ընթացքում նշել էր, որ Ալեքսանդր Սարգսյանն իրեն տեղեկացրել էր, որ Դավիթ Սիմոնյանին կրակել և մարմնական վնասվածք է պատճառել Հայկ Սարգսյանը, սակայն դատաքննության ընթացքում նշեց, որ այդ մասին որևէ բան չի լսել»,- նշեց դատախազը:

Դատարանը բավարարեց միջնորդությունը և հրապարակեց վկայի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:

Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը վկային հարց ուղղեց՝ ճշտելու, թե, ըստ իր իմացածի, մարմնի ո՞ր հատվածին է մարմանկան վնասվածք ստացել՝ փորին, թե մեջքին՝ Սամվել Ասլանյանը հայտեց, որ կրակոցը դիպել է մեջքին:

Դատարանը որոշում ընդունեց մյուս նիստին որպես վկա դատարան հրավիրել Արթուր Ղևոնդյանին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 16-ին:

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նշենք նաև, որ Հայկ Սարգսյանը 2018 թվականի հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին, 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

Ալիսա Չիլինգարյան

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել