Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 13-ին, տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը: Նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը:
Այսօր դատարանում վկայություն տվեց գործով որպես տուժող ներգրավված Դավիթ Սիմոնյանը:
Նա պատմեց, որ դեպքի օրը գտնվել է Թումանյան 11 հասցեի նկուղային մասում՝ «ախրանայի» սենյակում, որտեղ երեքով են եղել՝ ինքը, Հայկն ու Արթուր Ղևոնդյանը: Մոտ 1 ժամ է նշված սենյակում անցկացրել:
Դատարանում նա հայտարարեց, որ այն պահին, երբ մտել է սենյակ՝ տեսել է, որ Հայկը քնած է եղել: Չի հիշում թե ինչու, իր և Արթուրի միջև կենցաղային վեճ է սկսվել.
«Վեճը սկսվել է, քանի որ Արթուրի մոտ թմրանյութ է եղել, ուզում էի, որ ինձ էլ տար, բայց նա հրաժարվում էր»,-նշեց տուժողը:
Հայկը արթնացել է ու ասել. «Խելոք մնա, կկրակեմ»: Ու կրակել է իր որովայնին՝ նստած դիրքից:
«Իմ հիշելով՝ քնած ժամանակ նրա ձեռքին զենք չկար»,-նշեց Սիմոնյանը, իսկ մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանի հարցին, թե այդ դեպքում որտեղից է վերցրել զենքը, պատասխանեց. «Իմ հիշելով՝ սեղանից»:
Դատախազը հետաքրքրվեց նաև, թե արդյոք երբևէ տեսել է Հայկ Սարգսյանին թմրանյութ օգտագործելուց կամ այդ օրը նա իրենց հետ թմրանյութ օգտագործել է, թե՝ ոչ: Դատարանում Սիմոնյանը վստահաբար նշեց, որ երբեք չի տեսել, որ Հայկ Սարգսյանը թմրանյութ օգտագործի և այդ օրն էլ նա իրենց հետ «մարիխուանա չի ծխել»:
Դավիթ Սիմոնյանին հարցաքննությունից հետո Աբգար Առաքելյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվեն Դավիթ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ կան էական հակասություններ:
Դատարանը բավարարեց միջնորդությունը, հրապարակվեցին ցուցմունքները, որոնցում մասնավորապես նշված է, որ Դավիթ Սիմոնյանը 2007 թվականի ապրիլի 1-ին 16:00-ի սահմաններում գնացել է Հայկ Սարգսյանի տու՝ «չի հիշում թե ինչ նպատակով, ընտրությունների հետ էր կապված»: Նրանց հետ է եղել նաև նրանց ընկեր Արթուրը: Բոլորը գտնվել են անվտանգության աշխատակիցների համար նախատեսված սենյակում, որը գտնվում էր Հայկ Սարգսյանի տան նկուղային հարկում:
Ցուցմունքի մեջ Դավիթ Սիմոնյանը նշել է, որ երեքն էլ օգտագործել են «մարիխուանա» տեսակի թմրանյութ, որից հետո է Հայկ Սարգսյանը քնել և այդ պահին ատրճանակը նրա ձեռքին է եղել՝ մարտի բերված վիճակում:
«Ես թմրանյութ ուզեցի Արթուրից, որ նա ինձ տա, ես գնամ, սակայն նա մերժեց, որի արդյունքում էլ մեր միջև առաջացավ վեճ: Դրանից հետո Հայկը քնից արթնացավ և սպառնաց, որ ինձ կսպանի, թմրանյութի ազդեցության տակ նշված զենքով 1 անգամ կրակեց իմ փորին, որի արդյունքում ես վիրավորվեցի: Վնասվածքը ես ստացա որովայնիս աջ հատվածում: Այդ պահին Արթուրը Հայկի ձեռքից վերցրեց ատրճանակը, որպեսզի վերջինս նորից չկրակի, քանի որ Հայկը ինձ սպառնում էր, որ կսպանի: Կրակոցի ձայնից տան վերևի հարկից իջավ նաև Հայկի եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը: Նարեկը հարցրել է, թե ով է կրակել, Հայկը պատասխանել է, որ ինքը: Չեմ հիշում նշված անձանցից այլ մարդ կար, թե՝ ոչ, քանի որ անցել է բավականին երկար ժամանակ: Դրանից հետո Հայկը, Արթուրը և Նարեկը Արթուրին պատկանող մոխրագույն Touareg տեսակի մեքենայով, բուժօգնություն ցույց տալու նպատակով ինձ տեղափոխեցին հիվանդանոց»,-նշված է եղել նախաքննական ցուցմունքում: Սիմոնյանը հաստատեց, որ ցուցմունքներում առկա ստորագրությունը իրենն է և նա կարդացել է դրանք մինչև ստորագրելը:
Վիրահատությունից հետո հեռացրել են Դավիթ Սիմոնյանի աջ երիկամը: Գիտակցության գալուց հետո հիվանդանոցում նրանց այցելել են ոստիկանության աշխատակիցները՝ պարզելու համար, թե ինչ պայմաններում է նա ստացել հրազենային վիրավորումը:
«Նախքան ոստիկանության աշխատակիցների գալը թե՛ Հայկը, թե՛ Նարեկը վախեցրել էին ինձ՝ ասելով, որ եթե ես ասեմ, որ Հայկն է ինձ կրակել, ապա երկար չեմ ապրի: Սպառնալիքների արդյունքում, Հայկի և Նարեկի ուղորդմամբ ոստիկանությանը ասացի, որ ինձ վրա կրակել է Արթուր Ղևոնդյանը, ով, իմ իմանալով, այժմ բնակվում է Սոչիում: Այդ սպառնալիքների արդյունքում ես ասացի, որ Արթուրը «բոքսի հայաթից» գտել է զենքը, խաղացել է և իբր միամիտ է կրակել ինձ: Այդ ամենի մասին քաջատեղյակ էր նաև Նարեկի և Հայկի հայրը՝ Սաշիկը, ով օգտագործելով իր կապերը, ինչպես նաև եղբոր կապերը, փակեց գործը: Իր տղաները մնացին անպատիժ, իսկ Արթուրն էլ 2 օր անց բաց թողնվեց»,- Դավիթ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքից հատված հրապարակեց Աբգար Առաքելյանը:
Դատարանում տուժողը հայտնեց, որ դեպքից հետո ինքը ավելի է մտերմացել Հայկ Սարգսյանի հետ: Իսկ հետագայում նրա դեմ ցուցմունք է տվել, քանի որ Հայկը խոստացել էր կազմակերպել իր երիկամի փոխպատվաստումը, սակայն չի կատարել խոստումը:
Նա հայտնեց նաև, որ դեպքից հետո իր հետ է կապվել Ալեքսանդր Սարգսյանի աներձագը և ասել, որ նա այդ օրվանից աշխատում է Ալեքսադր Սարգսյանին պատկանող «Գանձաղբյուր» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
Դավիթ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքում նշված է նաև, որ Նարեկ Սարգսյանը մինչև հիվանդանոց հասնելը, մեքենայում օգնել է իրեն, սեղմել է այն մասը, որտեղ հրազենային վիրավորում է ստացել ինքը: Նախաքննական ցուցմունքում սակայն նա նշել է, որ ցանկանում է, որպեսզի պատասխանատվության ենթարկվի նաև Նարեկ Սարգսյանը: Սակայն դատարանում, մինչև ցուցմունքի հրապարակումը, պատասխանելով Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին, թե Նարեկ Սարգսյանը իրեն սպառնացել է կամ որևէ այլ կերպ վնասել է, նա հայտնեց, որ ոչ մի պահանջ չունի Նարեկ Սարգսյանից, նրան ոչնչում չի մեղադրում:
Նախաքննական արձանագրությունից պարզ է դառնում, որ նախաքննության փուլում առերես հարցաքննության ժամանակ Հայկ Սարգսյանը նկատել է, որ այդ ժամանակ կալանքի տակ գտնվող Դավիթ Սիմոնյանի դեմքի և թևերի վրա բազմաթիվ մարմնական վնասվածքներ կան, որոնք արյունահոսելիս են եղել ու Դավիթն անընդհատ դրանք սրբել է:
Նշենք, որ Դավիթ Սիմոնյանը մեկ այլ քրեական գործով անցնում է որպես մեղադրյալ և 2018 թվականի հունիսի 22-ին այս գործի վերաբերյալ Վալերիյ Օսիպյանին դիմում-հաղորդում ներկայացնելու ժամանակ գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, քանի որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել կալանքը: Սակայն ամիսներ առաջ նրա խափանման միջոցը փոխվել է և նա ազատվել է կալանքից: Այդ գործի քննությունն այժմ էլ շարունակվում է:
Այդ վնասվածքների վերաբերյալ Դավիթ Սիմոնյանը ասել է. «Թևերս կծել են մոծակները, դեմքս նույնպես: Աչքերիս միջի արյունի պատճառը գլխիս ճնշումն է, ձախ «պոչկաս» էլ ցավում է»:
Ցուցմունքների հրապարակումից հետո տուժողին հարց ուղղեց Երեմ Սարգսյանը:
«Դուք միայն մեկնաբանել եք աչքի վերաբերյալ հանգամանքը՝ ճնշումով պայմանավորված և թևերը մոծակների կծած: Այ, դեմքի շրջանում արյունահոսող այլ վնասվածքները, դրանք ի՞նչ են եղել»: Դավիթ Սիմոնյանը սակայն նշեց, որ նման բան չի եղել: Իսկ ինչո՞ւ չեք ասել, որ չի եղել»,- պաշտպանի հարցին ի պատասխան Սիմոնյանը ասաց, որ քննիչի սենյակում այդ մասին հայտնել է:
«Այսինքն, Ձեր դեմքի վրա վնասվածք չկար, քննիչի ներկայությամբ Հայկը նայում է Ձեզ, ասում է՝ Ձեր դեմքի տարբեր հատվածներում վնասվածքներ կան արյունահոսող, և ո՛ չ Դուք, ո՛չ քննիչը չեք ասում, որ վնասվածք չկա»,- պաշտպանը հետաքրքրվեց, թե արդյոք փորձաքննություն նշանակվել է պարզելու համար, թե ինչի հետևանքով են ստացվել վնասվածքները, ինչին Դավիթ Սիմոնյանը բացասական պատասխան տվեց:
Մինչև նախաքննական ցուցմունքի հրապարակումը Սիմոնյանը դատարանում հայտնեց, որ 2007-ին նրան ոչ ոք չի ուղղորդել, սակայն 2018-ի նախաքննական ցուցմունքում նշել է, որ քննիչի կողմից ուղղորդում է եղել. «Հիմա՝ Ձեզ ուղղորդե՞լ են, թե՞ չեն ուղղորդել»,- հարցրեց Երեմ Սարգսյանը, ինչին Սիմոնյանը պատասխանեց, որ ուղղորդել են:
«Բայց քիչ առաջ ասում էիք, որ չեն ուղղորդել»,-հայտարարեց պաշտպանը, ինչին ի պատասխան Դավիթ Սիմոնյանը ասաց. «Ձեր հարցերը, ճիշտն ասած, պահ ա լինում, որ ճիշտ չեմ հասկանում: 2007 թվականին քննիչը ինձ ուղղորդել է»:
Երեմ Սարգսյանը միջնորդեց նաև փոխել ապացույցների հետազոտման կարգը և հրապարակել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին ուղղված նրա դիմումը՝ 2007 թվականին կատարված դեպքերի վերաբերյալ:
«Հետաքրքիր վերնագիր է. «Դիմում, նախկինում կատարված հանցագործության վերաբերյալ»: Այս «նախկինում» բառը ինչո՞ւ եք գրել, ոստիկանության հաղորդագրությունների նման է գրվել: Այս բառը Ձեզ որևէ մեկը հուշե՞լ է, որ գրել եք»,- Դավիթ Սիմոնյանը բացասական պատասխան տվեց. «Չեն հուշել»:
Դիմումի մեջ մի քանի անգամ շեշտվում է Նարեկին պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
«Նարեկի մասին ինչո՞ւ եք գրել, իրական մեղավորը նա՞ է: Հիմա էլ եք ուզում, որ պատժե՞ն»,-տուժողից հարցրեց Երեմ Սագսյանը, ինչին Սիմոնյանը պատասխանեց, որ թողնում է դատարանի հայեցողությանը. «Տենց եմ ուզում, իմ իրավունքն է»:
Ամբաստանյալի պաշտպանը նաև հիշեցրեց, որ Հայկ Սարգսյանը կրակոցից անմիջապես հետո մոտեցել է տուժողին, ստուգել է, թե կրակոցից հետո ինչ վնասվածք է ստացել. «Հայկ Սարգսյանին օգուտ էր, դրա համար չեք ասե՞լ»,-ինչին տուժողը պարզապես պատասխանեց, որ չի հիշել:
Երեմ Սարգսյանը հետաքրքրվեց, թե այլ քրեական գրոծով նրա խափանման միջոցը ինչպես է փոխվել. «Գրավո՞վ եք ազատ արձակվել»,-ինչին Դավիթ Սիմոնյանը պատասխանեց, որ ոչ, խափանման միջոցը պարզապես վերացվել է:
Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը նշեց սակայն, որ տուժողի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման մասին խոսելով փորձ է արվում այն կապել ցուցմունքներ տալու հետ. «Ուզում եմ նշել, որ նման բան չկա, չի էլ կարող լինել: Տուժողի հանդեպ մեկ այլ քրեական գործով հետապնդումը դադարեցված չէ և չի բացառվում նրա կողմից հետագայում պատիժ կրելու հանգամանքը և այդ հարցը որոշվելու է դատարանի կողմից: Եվ իրավապահների կողմից տուժողի վրա ազդեցություն ունենալու վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ, բացի պաշտպանական կողմի ենթադրություններից»:
«Իհարկե շատ լավ է, որ մեղադրողը հիշեցնում է տուժողին, որ նրա նկատմամբ դեռ քրեական հետապնդում է առկա և չի բացառվում, որ հետագայում դեռ պատօժ կրի: Ես հենց դրա մասին էլ խոսում եմ: Ես չեմ կարծում, որ մեղադրողը պետք է հայտարարի՝ մենք նման տվյալներ ունենք, թե՝ չունենք, քանի որ չեմ բացառում, որ նման տվյալ կա, սակայն հարգելի մեղադրողը չգիտի»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Դատական նիստի ավարտին Աբգար Առաքելյանը միջնորդեց, որպեսզի Վալերիյ Օսիպյանին գրված դիմումը գործով որպես ապացույց ճանաչվի, դատավորը միջնորդությունը բավարարեց:
Նիստի վերջում հայտարարություն արեց նաև տուժող Դավիթ Սիմոնյանը. «Նյութական պահանջ չունեմ, բողոք չունեմ, չեմ ուզում ներկա գտնվել դատական նիստերին՝ զբաղվածության պատճառով»:
Կողմերը չառարկեցին և դատարանը նշեց, որ նա կարող է հաջորդ դատական նիստին չներկայանալ և դատարան կկանչվի անհրաժեշտության դեպքում:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 14-ին:
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Եվգենյա Համբարձումյան