Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը քիչ առաջ մերժեց ամբաստանյալ Ռ-ի պաշտպաններ Մկրտիչ Դավթյանի և Էդուարդ Աղաջանյանի՝ կալանավորումն անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխելու միջնորդությունը:
Պաշտպանները միջնորդությունը հիմնավորել էին՝ նշելով, որ կալանավորման օրվանից Ռ-ն գանգատներ ունի սրտի հետ կապված, իսկ կալանավորման ողջ ժամանակահատվածն ավելի բացասական է անդրադարձել նրա առողջական վիճակի վրա. նա սրտի շրջանի ցավերի և արյան ճնշման տատանումների պատճառով նույնիսկ չի կարողանում պառկած տեղից բարձրանալ: Պաշտպանները դատարանին էին ներկայացրել համապատասխան բժշկական փաստաթղթեր: Մեղադրական կողմը միջնորդել էր մերժել միջնորդությունը:
«Ուզում ես տղիս գլուխն ուտե˚ս, պատասխան կտաս»,- ի պատասխան մեղադրական կողմի դիրքորոշման՝ դատական նիստերի դահլիճից բղավեց Ռ-ի մայրը՝ Մ-ն:
Դատական նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Ռ-ին, Ա-ին և Գ-ին մեղադրանք է առաջադրվել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքի ոչնչացման փորձ կատարելու և խուլիգանության, իսկ Ք-ին խուլիգանության հոդվածներով: Վերջիններս չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018
Իրավաբան.net