«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ա-ի վիճակը վատ է: Այս մասին քիչ առաջ Իրավաբան.net-ին հայտնեց նրա պաշտպան Վահե Գաբրիելյանը:
Նրա խոսքով` 6 օր հացադուլ և արդեն 2 օր ջրադուլ հայտարարած Ա-ին անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց, որովհետև կյանքին վտանգ է սպառնում:
Ա-ն այդ միջոցով փորձում է հասնել նրան, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանն իր նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխի գրավով: Դատարանը դատաքննության փուլում արդեն մեկ անգամ մերժել է նրա պաշտպանների միջնորդությունը:
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պաշտպանները կրկին միջնորդություն են ներկայացրել խափանման միջոց կալանքը գրավով փոփոխելու համար և ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Արտակ Դավթյանի անձնական երաշխավորագրերը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ա-ի ընտանիքն նրանից փոստի միջոցով նամակ է ստացել անգլերենով գրված, որտեղ նշել է, որ ինքն արդարության համար արյան գնով էլ կպայքարի:
«Ես սարի պես ամուր եմ, սրա միջով էլ կանցնեմ»,- գրել է նա:
Դատարանի որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 7-ին:
Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները:
7.06.2018
Իրավաբան.net