«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ա-ն սեպտեմբերի 27-ից կրկին հացադուլ է հայտարարել, իսկ երեկ` սեպտեմբերի 30-ին, կայացած դատական նիստից հետո որոշել է հացադուլին ավելացնել նաև ջրադուլ: Վերջինիս պաշտպան Անդրանիկ Հակոբյանը երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատարանին է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Արտակ Դավթյանի երաշխավորագրերը` Ա-ի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոփոխելու համար: Դատավոր Վահե Խալաթյանը որոշման հրապարակումը նշանակել է հոկտեմբերի 7-ին, ինչն էլ բարկացրել է Ա-ին: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Ա-ի մայրը` Վ-ն:
Տիկին Վ-ի խոսքով` գործով երկու դատախազների պատճառով է ուշ նշանակվել որոշման հրապարակումը, քանի որ նրանցից և ոչ մեկ չի կարողացել ավելի շուտ ազատ ժամանակ տրամադրել այդ գործին:
Ա-ն փոստի միջոցով նամակ է ստացել անգլերենով գրված, որտեղ նշել է, որ ինքն արդարության համար արյան գնով էլ կպայքարի:
«Ես սարի պես ամուր եմ, սրա միջով էլ կանցնեմ»,- գրել է Ա-ն:
Վ-ն Իրավաբան.net-ին տեղեկացրեց, որ Ա-ի խնդրանքով իրենք դիմելու են Հայաստանում գործող բոլոր իրավապաշտպան կառույցներին խնդրին հնչեղություն տալու և լուծման ակնկալիքով:
«Վկաներն արդեն հարցաքննվել են: Դատախազների այն պնդումը, թե, ազատության մեջ գտնվելու դեպքում, Ա-ն կարող է ազդել դատաքննության վրա, այլևս չկա: Ինչո՞ւ գրավով ազատ չարձակեն»,- ասաց Ա-ի մայրը:
Ավելի վաղ, երբ մերժվեց Ա-ին գրավով ազատ արձակելու առաջին միջնորդությունը, տիկին Շափաղաթյանի խոսքով` Ա-ն հանդիպում է խնդրել Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանի և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանի հետ, որպեսզի հասկանա, թե ինչու է իրեն այդ հիմքով մեղադրանք առաջադրվել և ինչու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը մերժում գրավով իրեն ազատ արձակելու միջնորդությունը: Հանդիպումները չեն կայացել:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի դատախազությունն Ա-ին, Ռ-ին և Գ-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ն մասով` (խուլիգանություն), և 34 ու 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս է պատճառել), իսկ Ք-ին` 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։ Ա-ն, Ռ-ն և Գ-ն կալանավորված են: Ք-ն գրավով ազատ է արձակվել հոգեկան խնդիրների առաջացման պատճառով:
Երիտասարդները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018
Իրավաբան.net