Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Սիաբանդն իր համար սարերում կայֆավատ ա լինում, ես գամ ստե՞ղ». Քեմբրիջի շրջանավարտի գործով հարցաքննվում են վկաները

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Քեմբրիջի շրջանավարտ Ա-ին, Ռուսաստանում իրավաբանի մասնագիտություն ստացած, սպորտի չեմպիոն Ռ-ին, Բժշկական ուսումնարանի շրջանավարտ Ք-ին, Երևան քաղաքի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ, բռնցկամարտիկ Գ-ին առաջադրված մեղադրանքով գործի քննությունը: Գործով դատավոր Վահե Խալաթյանի որոշմամբ դատարան էին բերման ենթարկվել գործով վկաներ Մռազ Մստոյանը, Փորսոր Թամոյանը, Միշա Նավոյանը:

Դատախազությունը պնդում է, որ երիտասարդները 2013 թվականի հունվարի 6, 19, 26-ին դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, ապա մյուս անգամ խոտի դեզին հարակից տարածքը և դեզին մոտ կապված շանը` գույքային վնաս պատճառելով սեփականատիրոջը, երրորդ անգամ` տանը հարակից տարածքում դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են վերջինիս պատկանող 1.440.000 ՀՀ դրամ արժողության 1200 հակ պարունակող խոտի դեզի 1-ին շարքում դրված հակերից մեկը, որի ծխահարման արդյունքում վնասվել է 30 հակ` Ս.Խուդոյանին պատճառելով 36.000 ՀՀ դրամի նյութական վնաս։

Ըստ դատախազության մեղադրանքի` 4-րդ անգամ, երբ մարտի 29-ին Ա-ը, Ռ-ը, Գ-ը նախապես իրենց հետ վերցրել են բենզինով լցված 1 հատ 1 լիտր և 2 հատ 1,5 լիտր տարողության պոլիէթիլենային տարաներ ու գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի անասնագոմին հարակից տարածք և փորձել են այրել վերջինիս պատկանող խոշոր չափի` 1.800.000 ՀՀ դրամ արժողության, 1200 հատ հակ պարունակող խոտի դեզը, իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ խոտի դեզը իր նախկին տեղում չի եղել։

Երիտասարդները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:

Ազգությամբ եզդի, վկա Մռազ Մստոյանը դատարանին հայտնեց, որ մեքենայի համար է տեսել և վառվող դեզ, բայց օր ու ամիս չկարողացավ հիշել:

«Էդ ավտոն իմ մեքենայի հետևը կանգնած էր, ես իմ մյուս ավտոյով դուրս եկա, համարը տեսա, բայց այդ մարդկանց չեմ տեսել: …Ինչ տեսել եմ, դա եմ ասում, մարդկանց վրա շա՞ռ անեմ»,- ասաց վկան:

Նրա խոսքով` կրակը դեզից մեկ մետր հեռավարության վրա բռնկվելուց ու կանգնած մեքենայի հեռանալուց հետո ինքը ձայն է տվել գործով տուժող Սիաբանդ Խուդոյանին: Այդ ընթացքում դուրս են եկել նաև այլ հարևաններ, բայց ոչ տուժողի ազգականը, ով վերջինիս հարևանությամբ է ապրում: Վկան ու տուժողը միասին կրակը հանգցրել են 5-6 րոպեի ընթացքում: Մռազ Մստոյանը ասաց, որ տարածքում շշի խցան են գտել բենզինի հոտով, սակայն ասել, որ հենց այդ տղաներն են նետել, դժվարացավ:

Պաշտպանական կողմը նշեց, որ եթե բենզինով խոտը վառած լինեին, ապա 5-6 րոպեում դեզն ամբողջությամբ կվառվեր: Վկան չառարկեց:

«Ես սկզբում չէի հավատում, որ խոտը պաժառ են տվել. իմ աչքով եմ տեսել, նոր համոզվել եմ: Սկզբից չէի հավատում` խի պիտի խոտ վառեին»,- ասաց Մռազ Մստոյանը` նշելով, որ ցանկության դեպքում կարող էին հենց դեզը վառել:

Երիտասարդը հարցաքննության ընթացքում լարված էր, չէր ցանկանում պատասխանել դատավարական կողմերի հարցերին:

«Սիաբանդն իր համար սարերում կայֆավատ ա լինում, ես գամ ստե՞ղ»,- բարկացավ վկան:

Ավելի ուշ նա դատարանին հայտնեց, որ մթության մեջ, երբ իր մեքենայի լույսերը վառել է, ընթացող մեքենայում 3 անձի է նկատել, բայց վստահ չէ, որ ամբաստանյալներն են: Ավելին, ըստ նրա` մեքենայի հետևի մեջտեղի մասում նստածը ծխում էր:

Դատախազ Անդրանիկ Սահակյանի այն հարցին, թե վկան որ անգամվա մասին է խոսում, Մռազ Մստոյանը պատասխանեց` վերջին: Այնինչ վերջին անգամ` մարտի 29-ին, խոտի դեզը իր նախկին տեղում չի եղել:

Այսօր դատարանում ցուցմունք տվեցին ևս երկու վկաներ` տուժողի հարևաններ Փորսոր Թամոյանն ու Միշա Նավոյանը, իսկ տուժող Սիաբանդ Խուդոյանը չէր ներկայացել դատական նիստին:

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018  

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել