Ապրիլի 8-ի գիշերը, ժամը 2։24-ի սահմաններում Նալբանդյան 7-ի բակի թթենու ծառն ընկել է «Մերսեդես» մակնիշի C կարգի ավտոմեքենայի վրա։ Դրա հետևանքով մեքենան լուրջ վնասներ է կրել։
Առավոտյան արդեն «Կենտրոն-Կանաչապատման» աշխատակիցները հատել են կոտրված ծառը։
Ավելի վաղ՝ դեռևս 2015 թ-ի մարտի 15-ին, գրել էինք, որ բակի բնակիչներն արդեն հոգնել են քաղաքային իշխանություններին նամակ գրելուց: Մեկ անգամ չէ, որ նրանք նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով կտրել բակում թեքված ծառի չորացած ճյուղերը:
Նույն տարվա հոկտեմբերի 10-ին քաղաքացիները նորից բարձրաձայնել էին խնդրի մասին։ Եվ նշվել էր, որ ծառը կարող է տապալվել՝ վնասելով մեքենաները և ինչն ավելի վատ է՝ վնասել անցորդներին ու բնակիչներին:
Սակայն բնակիչների ահազանգը մնացել է անարձագանք, ինչի հետևանքով հերթական անգամ մեքենա է վնասվել:
Նշենք, որ կքած և չորացած ծառի պատճառով 2017 թվականի հունիսի 19-ին նույն տարածքում ավտոմեքենան հետընթաց էր կատարել, բախվել ծառին և կոտրել ապակին։ Այս վթարի լուսանկարները կարող եք տեսնել՝ այստեղ։