Եթե նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունը (ՀԿ) պետք է զբաղվի ձեռնարկատիրական գործությամբ, ապա նախևառաջ պետք է այդ ՀԿ-ի կանոնադրությամբ ամրագրվի այդ հանգամանքը։ Այս մասին այսօր ՀԿ-ների ձեռնարակատիրական գործունեության և կամավորական ինստիտուտի ներդրման վերաբերյալ դասընթաց-քննարկմանը հայտնեց Փոքր և միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը։
Քննարկում-դասընթացը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Հակոբ Ավագյանը նշեց, որ նոր օրենքի փոփոխությունից հետո հանդիպել են դեպքեր, երբ ՀԿ-ն սկսել է զբաղվել ձեռնարակտիրությամբ առանց կանոնադրությունը փոփոխելու, ինչի հետևանքով խնդիրներ են ծագել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետ։ Ի դեպ, կարևոր է հիշել, որ լիազոր մարմինն այս նոր օրենսդրությամբ ոչ թե արդարադատության նախարարությունն է, այլ ՊԵԿ-ը։
Հակոբ Ավագյանը նշեց նաև, որ ներկայումս բավականին բարդ է հասկանալը, թե որ եկամուտներն են համարվում ձեռնարկատիրությունից ստացված և հարկվում են, իսկ որ եկամուտները՝ ոչ։ Նրա խոսքով, այս հարցի վերաբերյալ նախնական պատասխան է ստացվել, որ ֆինանսների նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որին կարելի է դիմել, ներկայացնել համապատասխան փաստաթղթերը և ստանալ խորհրդատվություն այն մասին, թե կոնկրետ եկամուտների դեպքում հարկում կլինի, թե՝ ոչ։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի համակարգող Մարատ Ատովմյանը ներկայացրեց նոր օրենսդրությունը՝ կամավորների ներգրավման վերաբերյալ: Մասնավորապես, նշեց, որ ներկայումս շրջանառության մեջ դրված նոր օրենքի նախագիծը որոշակիորեն սահմանափակելու է ՀԿ-ների գործունեությունը: Օրինակ, թույլատրվելու է կազմակերպությանը կամավորներ ներգրավվել միայն իր աշխատակազմի մինչև 5 տոկոսի համամասնությամբ: Այնինչ, շատ ՀԿ-ներ ունեն փոքր աշխատակազմեր և իրենց գործունեության զգալի մասն իրականացնում են կամավորների ներուժն օգտագործելով:
«Project Harmony» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Նունե Ամիրյանը նշեց, որ միջոցառման արդյունքում արժեքավոր տեղեկություններ ստացավ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ:
Միջոցառման ժամանակ Մարատ Ատովմյանը ներկայացրեց նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, նպատակն ու մինչ օրս կատարված աշխատանքները: Եվ կարևորագույն տեղեկություն հայտնեց Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար.
Հայաստանի ամերիկյան համալսարանը հատուկ կրթական ծրագիր կիրականացնի քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների համար՝ նրանց կարողությունների զարգացմանն ուղղված: Դասընթացներին մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է:
Բոլոր ցանկացողները պետք է շտապեն: Մանրամասները՝ այստեղ: