Հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան: Եռաբլուր պանթեոնում Արցախի հերոս, կրտսեր-սերժանտի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել հարազատները, ընկերները, դասընկերներն ու ուսուցիչները: Եռաբլուրում էր նաև ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը:
Հերոսի շիրիմին` ծաղիկների կողքին նաև ծննդյան տորթն էր դրված: Աբաջյանի տատիկը` Անահիտ Գևորգյանը պատմում է, որ Ռոբերտն իր ծննդյան օրը շատ էր սիրում, և երբ փոքր է եղել, 4 թե 5 տարեկան, առանց ծնողներիկ զգուշացնելու բոլոր բարեկամներին հրավիրել է, ստիպված մեծ ծնունդ են կազմակերպել Ռոբերտի համար:
«Ռոբերտը զանգել էր, ես դպորցում դասի եմ եղել, չնայած նրան, որ շատ ուշադիր էի հեռախոսիս, ու զգուշացրել էի, որ եթե թոռնիկս զանգի՝ անպայման պետք է պատասխանեմ, այդ օրը չէի լսել, մի քանի անգամ զանգել էր… հիմա էլ հեռախոսի համարը կա, ձեռքս չի գնում ջնջեմ»,-ասաց Ռոբերտի տատիկը:
Զեյթունի թիվ 147 հիմնական դպրոցում, որտեղ Ռոբերտն է սովորել, բացվեց նրա անվան Նախնական զինվորական պատրաստության դասասենյակը: Սենյակում զինվորի անձնական իրերն էին, շքանշանները: Ուսուցիչները սիրով ու հպարտությամբ են հիշում Ռոբերտին։ Հերոսի դասընկերը՝ Հովհաննեսը, ով այս պահին նույնպես պարտադիր զինվորկական ծառայության մեջ է, իր և իր ընկերների անունից խոստացավ շարունակել իրենց ընկերոջ հայերնանվեր գործը։
Ալիսա Չիլինգարյան