Քիչ առաջ ՀՀ նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն նոր նախարարներ են նշանակվել: Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` նախագահը որոշել է.
1. Լևոն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: Նշենք, որ նա արդեն իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ է նշանակվում այս պաշտոնում: Նա կրթության և գիտությության նախարար է նշանակվել 1998 թվականին, 2006 թվականին, 2016 թվականի փետրվարին և այսօր:
2. Դավիթ ԼՈՔՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար: Դավիթ Լոքյանը նույնպես իր կարիերայում նախարար է եղել. 2001-2003 թվականներին եղել է քաղաքաշինության նախարար, այնուհետև 2003-2008 թվականներին՝ բնապահպանության նախարար:
3. Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար: Հրանուշ Հակոբյանը այս պաշտոնում աշխատում է 2008 թվականի հոկտեմբերից: Մինչ օրս կառավարության կազմի փոփոխությունների ընթացքում նա միշտ վերանշանակվել է այս պաշտոնում: Իսկ մինչ այս ունեցել է այլ նախարարի աշխատանքի փորձ՝ 1996-1998 թվականներին եղել է սոցիալական ապահովության նախարար:
4. Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար: Արփինե Հովհաննիսյանը արդարադատության նախարարի պաշտոնում աշխատում է 2015 թվականի սեպտեմբերի 4-ից: Մինչ այս եղել է Ազգային ժողովի պատգամավոր:
5. Արմեն ԵՐԻՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար: Գեներալ-մայոր Արմեն Երիցյանը արտակարգ իրավիճակների նախարարություն տեղափոխվել է ոստիկանական համակարգից: Նախարարի պաշտոնում աշխատում է 2010 թվականից:
6. Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար: Մինչ այս նշանակումը Արծվիկ Մինասյանը զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Եվ վերջին օրերին բազմաթիվ էին խոսակցություններն այն մասին, որ նորանշանակ վարչապետ Կարեկն Կարապետյանը այդ պաշտոնում տեսնում է այլ՝ բիզնես մտածողությամբ անձի: Այս խոսակցություններն ինքը՝ Արծվիկ Մինասյանն էլ հաստատել էր:
7. Արտեմ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Արտեմ Ասատրյանն այս պաշտոնում աշխատում է 2012 թվականից: Նա իր կարիերան սկսել է սոցիալական ապահովության ոլորտում, եղել է նաև նախարարի տեղակալ:
8. Սուրեն ԿԱՐԱՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար: Սուրեն Կարայանը նույնպես նոր չէ կառավարությունում. նա 2006 թվականից աշխատել է նախ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, այնուհետև էկոնոմիկայի նախարարի տեղակալ, իսկ 2015 թվականից՝ միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ:
9. Լևոն ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար: Լևոն Ալթունյանը կառավարության բոլորովին նոր անդամներից է: Նա «Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրենն է եղել 1999 թվականից մինչ օրս:
10. Արմեն ԱՄԻՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար: Արմեն Ամիրյանը, թերևս ամենահայտնի նորանշանակ նախարարն է: Հասարակությունը նրան ճանաչել է՝ տարիներ շարունակ հեռուստաէկրաններին տեսնելով:
11. Հրաչյա ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Հրաչյա Ռոստոմյանը յաս պաշտոնում աշխատել է 2012 թվականից: Նաև Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն է և ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը: