2015 թվականի հունվարի 12-ին ամբողջ Հայաստանը թնդաց Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժանա սպանության լուրից: Գյումրիում բնակվող ընտանիքի վեց անդամներից երկուսը մանկահասակ երեխաներ էին: Ժամեր անց ձերբակալվեց Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Դաժան սպանության գործով նա միակն է` ամբաստանյալի աթոռին: Դառը հույզեր բորբոքած այս գործով քննությունը մոտենում է ավարտին: Մինչ դատավճռի հրապարակումը զրուցել ենք սպանված Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի հետ:
-Պարոն Սարգսյան, ի՞նչ նոր բացահայտումներ եղան գործի դատաքննության ընթացքում, ես նկատի ունեմ հասարակության համար:
-Կան մարդիկ, որ մինչ այս պահն էլ կասկածամտությամբ են վերաբերվում այն հարցին` Պերմյակովն է արդյո՞ք հանցագործխությունը կատարել, միայնա՞կ է եղել, թեէ ոչ: Կարող եմ ասել, որ, համենայն դեպս, քննությամբ ձեռքբերված ապացույցներն ակնահայտորեն վկայում են, որ հանցագործություն կատարողը Պերմյակովն է: Միանշանակ բացառել, թե Պերմյակովը միայնակ է եղել, բնականաբար, չեմ կարող: Միևնույն ժամանակ ասեմ, որ քրեական գործում չկան այնպիսի տվյալներ, որ կվկայեն այն մասին, թե այլ անձ եղել է Պերմյակովի հետ: Այն, որ հանցագործությունը կատարել է Պերմայկովը, գործում կան բավականին ծանրակշիռ փաստեր:
Մարդիկ, ովքեր ունեին խորը կասկածներ, գուցե դատավարության ընթացքում որոշ մասով դրանք փարատվեցին: Միգուցե նաև կմնան մարդիկ, ովքեր քննության արդյունքներին չեն հավատա, սակայն ինձ մոտ կասկած չկա, որ հանցագործությունը Պերմյակովն է կատարել:
Դատաքննության ընթացքում կարևոր հանգամանքներ բացահայտվեցին նաև ոչ բուն սպանության հետ կապված, այլ ռազմաբազայի գործունեության վերաբերյալ:
Եթե ռուս զինծառայողների ցուցմունքները նայենք, ապա փորձում էին ներկայացնել, թե մանրակրկիտ, խիստ հետազոտություն է իրականացվել, որպեսզի լավագույն կադրերը բերվեն Հայաստան` ռուսական ռազմաբազայում ծառայության: Բայց դատաքննության ընթացքում երևաց, որ որևէ նման ընտրություն չի իրականցվել, և, կարելի է ասել, որ հենց կարգապահական խնդիրներ ունեցող անձիք են ընտրվել, որոնք չեն համապատասխանում ծառայության անցնելու պահանջներին: Պերմյակովի պարագայում, երբ նա Չիտայում զորակոչվել է, ընդամենը մի քանի օր հետո զորամասն ինքակամ լքել է, նրան տարել են բուժզննության, հոգեբուժարանում պառկել է, բժիշկը ցուցմում է տվել, որ նա զենքով մարտական ծառայություն իրականացնելու իրավունք չունի: Իրենց մոտ քրեական գործում կար փաստաթուղթ, որ նա չի համապատասխանում զինված ուժերում ծառայելու համար նախատեսված չափանիշներին: Եվ այսքանով հադներձ, այս անձին, որ ունի հոգեկան խնդիրներ, խնդիրներ` կարգապահության հետ կապված, որ մեկ ամսվա մեջ 7 անգամ լքել էր զորամասը, սպաներից մեկի հետ միջադեպ էր եղել, աթոռով էր հարվածել նրան, բերել էին Հայաստանում ծառայելու, դեռ բավարար չէ, զենք էին տվել ու կանգնեցրել մարտական հերթապահության, ինչն էլ այս ամենի պատճառը եղավ, ըստ էության:
Հաջորդ կարևորագույն խնդիրը, որ պարզվեց այն է, որ, չնայած կա սահմանված կարգ, որ զենքով դասալքության ժամանակ պետք է անմիջապես տեղյակ պահեն տեղի իրավապահ մարմիններին, ռուսերը մի քանի ժամ փորձել էին ինքնուրույն գտնել նրան, իսկ լուսադեմին միայն երբ տեսել էին, որ չեն կարողանում գտնել, տեղյակ էին պահել տեղի իրավապահներին: Գուցե այդ պատճառով էր, որ հնարավոր չեղավ նրան ավելի շուտ գտնել և կանխել հանցագործությունը:
Խիստ կարևոր է այս հանգամանքների բարձրաձայնումը, որպեսզի հետևություններ արվեն, այս ուղղությամբ առարկայական քայլեր արվեն, նման դեպքերը կանխվի:
-Իսկ սպանության մոտիվի հետ կապված որևէ բան պա՞րզ դարձավ: Դեպքից հետո սատանայապաշտ, աղանդավոր լինելուց մինչև օտարեկրացի լրտես լինելու վերաբերյալ վարկածների մասին էր խոսվում:
-Գիտեք, որոշ դեպքերում առարկայական դրդապատճառ պարզելը բարդ է: Այս դեպքում գոնե ակնհայտ էր, որ Ավետիսյանների ընտանիքը հատուկ չէ ընտրված եղել, այս ընտանիքի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել: Գործի նյութերում մասնագետները նշել են, որ երբ նա տուն է ներխուժել, ընտանիքի դուստրը գոռացել է, այդ պահին Պերմյակովի ներքին հատկանիշներն աշխատել, երբ նման իրավիճակում նրա մոտ ագրեսիվություն է առաջանում, չի կարողանում կողմնորոշվել և պատրաստ է եղել նման հանցագործություն կատարել, սկսել է ու շարունակել: Այստեղ խիստ կարևոր է այն հանգամանքը, թե նա ինչ վերաբերմունք ունի հանցագործությունների վերաբերյալ: Պերմյակովն ասում էր, որ իրենց մոտ` Բալեյում, երբ մեկը հանցագործություն է կատարել, համարվել է «լավ տղա», այսինքն, հանցագործությունը նույնիսկ խրախուսվել է դեռահասների շրջանում:
Մասնագետները նշել են, որ նա չկայացած անձ է: Եթե մի անձ կարող է իր համածառայակիցներին ասել, թե մայրը մահացել է ու մի քանի օր սուգ անել, լացել, բայց իրականում մայրը մահացած չլինի, դա արդեն բավականին խորը խնդիրների մասին է խոսում: Նա խղճահարություն առաջացնելու միտում ունի:
Երբ զննում ենք նրա նամակագրությունը հարազատների հետ, տեսնում ենք, որ փորձում է կայացած անձի տպավորություն ստեղծել, հարազատներին ասում է, որ 180 հոգանոց անձնակազմ է ղեկավարում, մարտական գործողությունների մեջ է, տանկը խոցեցին, բոլորը վիրավորվեցին բացի իրենից: Պատմում թե, հանձնարարաություն ստացա ահաբեկիչներով մեքենան պայթեցնել, բայց մեղքս եկան, ջահել էին այդ ահաբեկիչները, հրաման տվեցի, որ սահմանից շրջվեն, հետ գնան:
Նա այդ «պատերազմներով», «կռիվներով» ապրող երեխա է, կարելի է ասել: «Երեխա» եմ ասում եմ այն առումով, որ դեռ չի հասունացել, բայց այդ «երեխան» իրականցրեց նման դաժան հանցագործություն: Սա խոսում է անձի մասին: Առարկայական որևէ դրդապատճառ չկա:
-Իսկզբանե շատ էր քննարկվում այն հարցը, թե ինչու՞ էր նա հանցագործությունից հետո փորձել հատել Թուրքիայի սահմանը:
-Երբ ես նախաքննության սկզբնական փուլում ներգրավվեցի գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, առաջին հերթին այդ վարկածները ստուգելու ուղղությամբ բազմաթիվ միջնորդություններ ներկայացրեցի` այդ վարկածները ստուգելու համար: Քանի որ բազմանդամ ընտանիք էր զոհ դարձել, այդ ընտանիքում կային և մեծեր, և մանկահասակ երեխաներ, և սպանությունն այդպիսի դաժանությամբ էր կատարվել, ես մտածում էի` հնարավոր է այլ երկրի հատուկ ծառայությունների կողմից կատարված քայլ է, որպեսզի դժգոհության ալիք լինի: Միջնորդել էի պարզելէ արդյո՞ք Պերմյակովն իր կամքով է եկել Հայաստան ծառայության, թե` ոչ, պարզել, թե մինչև ծառայության գալը նա արտերկրում եղել է, թե` ոչ, այլ երկրներում ունի ընկերներ, բարեկամներ, թե`ոչ: Պարզվեց, որ չկան փաստական տվյալներ, որ որևէ այլ ուժի ազդեցության ներքո կատարված լինի արարքը:
Հարց էին բարձրացնում, թե այդ դեպքում ինչու դեպի Վրաստանի սահման չգնաց, քանի որ Վրաստանից Ռուսաստան գնալն ավելի հեշտ է: Բայց մենք մոռանում ենք, որ նա պաշտոնական ընթացակարգով չէր հատելու սահմանը, անձնագրով չէր գնալու, ներկայանար: Եվ քանի որ ապօրինի պիտի հատեր սահմանը, ապա Թուրքիայի դեպքում բռնվելու հավանականությունն ավելի փոքր էր` Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով: Եվ կարևորը` Թուրքիայի հետ սահմանն ավելի մոտ է:
-Դատավարության ժամանակ հայտնի դարձավ նաև, թե Պերմյակովն իբր սատանայապաշտ է, իր հոգին վաճառել է սատանային և նման բաներ:
-Մենք երբևէ չենք պնդել, որ դա եղել է հիմնական դրդապատճառը, բայց հիմա էլ նշում եմ, որ իր հոգեկան խնդիրները հաշվի առնելով, կարծում եմ, որ դա նույնպես կարող էր էական ազդեցություն ունենալ: Ասում ենք, թե ինչ-որ երեխայական քայլ է արել, որ odnoklassniki.ru կայքի իր էջում գրել է, թե պայմանագիր է կնքում սատանայի հետ և պարտավորվում է նրա տնօրինությանը հանձնել մի քանի կանանց ու մի քանի տղամարդկանց: Այս հարցը չբարձրայնել, կարծում եմ, սխալ կլիներ: Գուցե իրականում դա պահի տակ արված գրառում է, բայց մեզնից որևէ մեկը, կարծում եմ, նման բան չի գրել կամ չի էլ գրի, եթե առաջարկեն: Բայց նա դա արել է: Մենք բոլորս էլ գիտենք որ հատկապես Ռուսաստանում նման աղանդավորական, սատանայական, դաժան խմբավորումներն ավելի շատ են: Մենք մեր երկրում չենք տեսնում, որ դեռահասները մուտքի մոտ որևէ անտուն մարդու վրա բեզնին լցնեն վառեն` ուղղակի զվարճանալու համար:
Այդ փաստը հաշվի չառնել, ճիշտ չէ, և ճիշտ չի միանշակ պնդելը, թե դա է դրդապատճառը: Պետք է փաստերը համակցության մեջ նայենք:
-Իսկ դատարանում նրա վարքը Ձեզ մոտ ի՞նչ տպավորություն է թողել, արդյո՞ք զղջում էր:
-Ես նրա մոտ զղջալուն բնորոշ որևէ հատկանիշ չտեսա: Ինքը շատ հանգիստ էր: Տեսեք, երբ նայում էին դեպքի վայրի զննության տեսագրությունը, որտեղ մահացած մարդիկ էին, նույնիսկ երեխաների մարմիններ կային, դահլիճում որևէ մեկը չկար, որ ծանր չտաներ ու գլուխը չթեքեր: Նա իրեն բնորոշ ժպիտով նստած նայում էր ու նույնիսկ աչք չէր թարթում, նույնիսկ կարող էր խնդրել, որ ավելի մոտիկից ցույց տային կամ կրկնեին պատկերը: Նա միայն զղջում է, որ նման իրավիճակում է հայտնվել և ափսոսում է իր ճակատագրի համար, բայց որևէ զղջում չտեսա սպանության համար:
Աստղիկ Կարապետյան