Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Առաջադրված մեղադրանքն ակնհայտ ապօրինի է և անհեթեթ». երիտասարդները շարունակում են արդարություն պահանջել

Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանին, Ռոբերտ Փիլոյանին, Արթուր Քլյանին և Գագիկ Առաքելյանին առաջադրված մեղադրանքով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արարատ Պետրոսյանի նախագահությամբ նշանակված էր գործով դատական նիստ: Դատավոր Արարատ Պետրոսյանը հրապարակեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի եզրափակիչ մասը:

«Առաջադրված մեղադրանքն ակնհայտ ապօրինի է և անհեթեթ»,- վերաքննիչ բողոքը դատարանին ներկայացնելիս ասաց Արամ Մուղալյանի պաշտպան Վահե Գաբրիելյանը:

Նա չհասցրեց ամբողջությամբ ընթերցել վերաքննիչ բողոքը. նախագահող դատավորը հայտարարեց, որ այլ գործով նիստ ունեն նշանակված: Դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը մեղադրվում են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզի ոչնչացման փորձ կատարելու և խուլիգանության հոդվածներով, իսկ Արթուր Քլյանը` միայն խուլիգանության: Երիտասարդները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները և Վերաքննիչ քրեական դատարանից պահանջում են արդարացման որոշում հրապարակել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արամ Մուղալյանին և Ռոբերտ Փիլոյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում, նրանց դատապարտել ազատազրկման 2,6 ամիս ժամկետով, ապա կիրառելով համաներում՝ նրանց ազատ է արձակել դատական նիստի դահլիճից: Գագիկ Առաքելյանին և Արթուր Քլյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում և նրանց դատապարտել է ազատազրկման 1 տարի 1 ամիս ժամկետով, ապա կիրառելով համաներում՝ երիտասարդներին ազատ է արձակել դատական նիստի դահլիճից:

 

Նունե Հովսեփյան

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել