Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Կարելի՞ է մարդկանց հետ այդպես վարվել». ամբաստանյալների ծնողները բարկացած են

Սեպտեմբերի 2-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում շարունակվեց Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանին ու իր երեք ընկերներին` Ռուսաստանում իրավաբանի մասնագիտություն ստացած, սպորտի չեմպիոն Ռոբերտ Փիլոյանին, Բժշկական ուսումնարանի շրջանավարտ Արթուր Քլյանին, Երևան քաղաքի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ, բռնցկամարտիկ Գագիկ Առաքելյանին առաջադրված մեղադրանքով գործի քննությունը:

Այսօր դատարան էին ներկայացել գործով նոր՝ երկու դատախազներ Սահակյանը և Աղաբեկյանը:

Մարզի դատախազ Սամվել Սինանյանի գրության համաձայն՝ գործով դատախազ Անդրանիկ Դոլինյանը ներգրավված է վերապատրաստման ծրագրի, որից հետո գտնվելու է արձակուրդում, այդ իսկ պատճառով մեղադրանքը պաշտպանելու են Սահակյանը և Աղաբեկյանը: Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազը 2013 թվականի մարտի 27-ի հրամանով է Արմավիրի մարզի դատախազ նշանակել Արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանին՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից: Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել մարզում Սամվել Սինանյանի նշանակումից հետո:

Գործով նոր դատախազները գործի նյութերին ծանոթանալու համար 10 օր խնդրեցին: Դա առաջացրեց ամբաստանյալների պաշտպանների և հարազատների դժգոհությունը: Դատարանն ամբաստանյալ Ռոբերտ Փիլոյանի մորը՝ Մարինա Հակոբյանին նկատողություն հայտարարեց դատական նիստի ժամանակ խոսելու համար: Ավելի ուշ Մարինա Հակոբյանը լքեց դատարանի դահլիճը, երբ դատավորը մեկ շաբաթ ժամկետ տրամադրեց դատախազներին գործի նյութերին ծանոթանալու համար:

Գործով ամբաստանյալների ծնողները հուզված էին՝ նիստն անտեղի հետաձգում են՝ մինչդեռ դատախազները քրեական գործի նյութերին կարող էին ծանոթանալ մինչև դատական նիստը: «Կարելի՞ է մարդկանց հետ այդպես վարվել»,- բարկացած ասաց ամբաստանյալ Արամ Մուղալյանի մայրը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը նշել էր, որ քրեական գործի նախաքննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը սահմանված ժամկետի խախտմամբ է ընդունվել: Ուստի, նրանք միջնորդել էին նախաքննության ավարտից հետո ձեռք բերված ապացույցները ճանաչել անօրինական և անթույլատրելի: Գործով դատախազ Անդրանիկ Դոլինյանը դատարանից ժամանակ էր խնդրել միջնորդությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:

«Նախաքննության ավարտից հետո քննիչն իրեղեն ապացույց ճանաչելու որոշումը կցել է քրեական գործին՝ համարակալելով 143 ե կետով, այն դեպքում, երբ մեզ տրամադրված տարբերակում քրեական գործն ավարտվում էր 143 էջով: Եթե քննիչը գտնում էր, որ այդ ապացույցները գործի ելքի վրա կարող է նշանակություն ունենալ, պետք է օրենքով սահմանված կարգով մինչև նախաքննության ավարտը կայացներ որոշում և մեզ էլ տրամադրեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Փիլոյանի պաշտպանյալ Մկրտիչ Դավթյանը: Նրա խոսքով՝ ինքն այդ մասին իմացել է դատարանին տրամադրված նյութերն իրեն տրամադրված քրեական գործերի նյութերի համեմատությունից:

Տեղեկացնենք, որ այսօր դատական նիստին չէին ներկայացել տուժողն ու վկաները: Դատարանը նրանց չներկայանալու վերաբերյալ տեղեկություն չուներ: Միայն դատական նիստի ավարտից հետո տուժող Սիաբանդ Խուդոյանը ներկայացավ: Նա նիստի քարտուղարին հայտնեց, որ պարզապես ուշացել է դատական նիստից:

Գործով հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 11-ին:

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել