Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Լույս» հիմնադրամը դատապարտում է Քեմբրիջ ուսանած երիտասարդի ենթադրաբա՛ր կատարած գործողությունները

Այսօր Panorama.am կայքն անդրադարձել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում ուսանած և մագիստրոսի աստիճան ստացած Արամ Մուղալյանին: Վերջինս այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Նա մեղադրվում է խուլիգանության (ՀՀ Քր. Օր. 258 հոդված) և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու (ՀՀ Քր. Օր 185 հոդված) համար:

Այդ կապակցությամբ հրապարակումից ժամեր հետո «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան “LUYS” Foundation խմբում, որում նշվում է նաև հետևյալը. «Լույս» հիմնադրամը խստորեն դատապարտում է այն գործողությունները, որոնք ենթադրաբար կատարվել են Արամ Մուղալյանի կողմից: Մեր ցանկությունն է, որ արդարությունը հաստատվի, և որևէ քրեական գործողություն անպատիժ չմնա, անկախ մեղադրյալի պատկանելությունից կամ դիրքից»:

Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ նման նախադասությունը հանդիսանում է անձի անմեղության կանխավարկածի խախտում, քանի որ հասարակության շրջանում կարծիք է ձևավորում այդ գործողությունները «ենթադրաբար» վերջինիս կողմից կատարված լինելու մասին, մինչդեռ անձի մեղավորության հետ կապված հարցի վերջնական լուծումը պատկանում է միայն դատարանին:

«Իմ կարծիքով անմեղության սկզբունքի խախտում է հանդիսանում անձի մեղավորության (նաև ենթադրյալ մեղավորության) հետ կապված ցանկացած դատողություն՝ նախքան օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Դատական տեղեկատվական համակարգում Արամ Մուղալյանին առաջադրված մեղադրանքում ասվում է.

«1. ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳԻ ՄՈՒՂԱԼՅԱՆԻՆ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերներ Ռոբերտ Փիլոյանի և Արթուր Քլյանի հետ կատարել է խուլիգանություն, այնուհետև Ռ.Փիլոյանի և Ա.Քլյանի հետ հրկիզման եղանակով գույքը վնասելով կատարել է խուլիգանություն, այնուհետև Ռ.Փիլոյանի հետ հրկիզման եղանակով գույքը վնասելով կատարել է խուլիգանություն, այնուհետև Ռ.Փիլոյանի և Գագիկ Առաքելյանի հետ կատարել է խուլիգանություն և փորձել է ուրիշի խոշոր չափի գույքը հրկիզման եղանակով ոչնչացնել:

Այսպես՝

Արամ Մուղալյանը 06.01.2013թ., ժամը 01.30-ի սահմաններում, իր ընկերներ Ռոբերտ Փիլոյանի և Արթուր Քլյանի հետ իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են իրենց անծանոթ` Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Փաշոյի Խուդոյանի տանը հարակից տարածքում գտնվող վերջինիս պատկանող խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս.Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում. հրճվել դրանով և «ԲՄՎ» մակնիշի 32 ԼԼ 526 հ/հ-ի ավտոմեքենայով դիմել են փախուստի։

Այսինքն, Արամ Մուղալյանին մեղսագրվում է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով։ Շարունակելով իրենց՝ նման եղանակով զվարճանալու, ուրիշի գույքը ոչնչացնելով և վնասելով զուգորդված հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու իրենց դիտավորությունը, խուլիգանական մղումներից ելնելով 19.01.2013թ. ժամը 04.15-ի սահմաններում, Արամ Մուղալյանը Ռոբերտ Փիլոյանի և Արթուր Քլյանի հետ իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, տագնապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզին հարակից տարածքը և դեզին մոտ կապված շանը` գույքային վնաս պատճառելով սեփականատիրոջը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս.Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում, լուրջ անհանգստություն առաջացրել, հրճվել դրանով և դիմել փախուստի։

Այսինքն, Արամ Մուղալյանին մեղսագրվում է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Շարունակելով իրենց անզուսպ եսամոլությամբ ներքին բավականություն ստանալու, զվարճանալու, ուրիշի գույքը ոչնչացնելով և վնասելով զուգորդված հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու իրենց դիտավորությունը, Արամ Մուղալյանը և Ռոբերտ Փիլոյանը 26.01.2013թ., ժամը 02-ի սահմաններում, իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, Սիաբանդ Փաշոյի Խուդոյանին պատկանող տանը հարակից տարածքում դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են վերջինիս պատկանող 1.440.000 ՀՀ դրամ արժողության 1200 հակ պարունակող խոտի դեզի 1-ին շարքում դրված հակերից մեկը և ծխահարման արդյունքում վնասվել է 30 հակ` Ս.Խուդոյանին պատճառելով 36.000 ՀՀ դրամի նյութական վնաս։ Արդյունքում խախտվել է նաև մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Սիաբանդ Փաշոյի Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում, լուրջ անհանգստություն պատճառել նրանց։ Ա.Մուղալյանը և Ռ.Փիլոյանը հրճվել են դրանով և դիմել փախուստի։

Այսինքն, Արամ Մուղալյանին մեղսագրվում է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Բացի դա, ուրիշի խոշոր չափի գույքը հրկիզման եղանակով ոչնչացնելու դիտավորությամբ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը և նրանց ընկեր Գագիկ Գրիշայի Առաքելյանը 29.03.2013թ., ժամը 23.30-ի սահմաններում, նախապես իրենց հետ վերցրել են բենզինով լցված 1 հատ 1 լիտր և 2 հատ 1,5 լիտր տարողության պոլիէթիլենային տարաներ ու գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի անասնագոմին հարակից տարածք և փորձել են այրել վերջինիս պատկանող խոշոր չափի` 1.440.000 ՀՀ դրամ արժողության , 1200 հատ հակ պարունակող խոտի դեզը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ խոտի դեզը իր նախկին տեղում չի եղել։ Վերջիններս, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, շարունակելով իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությունը, իրենց հետ վերցրած բենզինը լցրել են խոտի դեզի նախկին տեղում և հրկիզել են` Ս.Խուդոյանի, նրա ընտանիքի անդամների ու հարևանների շրջանում առաջացնելով վախ, խուճապ և տագնապ ու դիմել փախուստի։

Այսինքն, Արամ Մուղալյանին մեղսագրվում է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով և 34 ու 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով»:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել