Ինչպես արդեն տեղեկացրել ենք` կալանավորվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը: Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ Արդարադատության խորհուրդը դիմել էր ՀՀ նախագահին:
Դատավորի իրավունքների պաշտպան Կարեն Թումանյանը հաղորդեց, որ ԱԽ-ն երկու նիստ է գումարել. «Մեկը Խաչատուր Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավվելու և կալանավորելու վերաբերյալ ՀՀ նախագահին դիմելու մասին: Դեկտեմբերի 26-ին նիստ են գումարել, 27-ին ներկայացրել ՀՀ նախագահին, նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալ ներգրավվելու մասով տվել է իր համաձայնությունը, կալանքի մասով` մերժել` հիմք չտեսնելով: Մերժելուց հետո նույն օրը` դեկտեմբերի 27-ի ժամը 19:00-ին կայացել է արդարադատության խորհրդի հերթական նիստ: Դրանից 20 րոպե առաջ ինձ էլեկտրոնային տարբերակով ծանուցել են, սակայն ես պատասխանել եմ, որ ներկա չեմ գտնվի, քանի որ նյութերին ծանոթ չեմ և չեմ կարող արդյունավետ պաշտպանություն իրականացնել, սակայն այս ամենի պարագայում ԱԽ-ն նիստ է գումարել և նորից համաձայնեցում է խնդրել նախագահից, որպեսզի խափանման միջոցը` կալանքը կիրառվի: Հանրապետության նախագահը տվել է իր համաձայնությունը դեկտեմբերի 28-ի առավոտյան»,- նշեց փաստաբանը` հավելելով. «Հարցը նրանում է, որ խորհուրդը չէր կարող երկրորդ անգամ նույն դատավորի վերաբերյալ, նույն կալանքի հիմքերով առաջարկություն ներկայացնել, այսինքն` օրենսդիրն արգելել է, որ երկրորդ անգամ այս հարցով նիստ լինի»:
Խոսելով հետագա անելիքներից` փաստաբանն ասաց, որ պաշտպանական կողմը նպատակադրված է մի շարք գործողություններ իրականացնել. «Անմեղության կանխավարկածի հետ կապված խախտումի առնչությամբ քայլեր են նախատեսվում, ինչպես նաև պատրաստվում ենք վիճարկել արդարադատության խորհրդի գործողությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներպետական ատյանում այդ հնարավորություն չկա, նաև կվիճարկենք միջազգային ատյաններում»,- փոխանցեց փաստաբանը: