Ո՞ր քաղաքացիների գումարները կվերադարձվեն. պարզաբանում է պատգամավորը

«Այն քաղաքացիները, ովքեր ունեն հաշվարկված և փոխանցված գումարներ և փոշմանել են, ապա այս նոր օրենքի համաձայն կարող են դիմում գրել: Արդյունքում նրանց գումարները չեն հաշվարկվի և չեն փոխանցվի»,- այս մասին ասաց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների նախագծին:

Ըստ նրա` այն գործատուները, ովքեր հաշվարկել են գումարները և չեն փոխանցել, ապա դիմում գրելու օրվանից քաղաքացիները կարող են իրենց գումարները հետ ստանալ. «Իսկ այն քաղաքացիները, ովքեր դիմում են գրելու, նրանց գումարները ոչ հաշվարկվելու են և ոչ էլ փոխանցվելու մինչև սեպտեմբերի 30-ը: Եթե դիմում գրած քաղաքացիները չեն կատարի փոխանցումներ, ապա ի տարբերություն նրանց, Կառավարությունն իր գործառույթը կկատարի մինչև սեպտեմբերի 30-ը»:

Հակոբ Հակոբյանի խոսքով` վերջնահաշվարկ կկատարվի այն ժամանակ, երբ կհասնեն ՍԴ որոշման ամենավերջին կետին` վերջնահաշվարկին. «Բոլոր քաղաքացիների համար Կառավարությունը պետական բյուջեից իր հատկացումները կկատարի մինչև ՍԴ-ի որոշման վերջնական եզրը»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել