Շարունակվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դատավարությունը. գործով միակ կին մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Երևանի քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, շարունակվեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 անձանց վերաբերյալ քրեական գործի քննությունը։

Ըստ մեղադրանքի՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն»:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն ներկայացրեց գործով ներգրավված հինգ հանրային մեղադրողներին՝ այն հիմքով, որ առկա են հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել նրանց անկողմնակալության հետ կապված:

Մյուս կողմից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտնեց՝ Հրայր սարկավագ Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը ներկա չէ դատական նիստին, նրա բացակայությամբ չի կարող անդրադարձ կատարվել հանրային մեղադրողներին բացարկ հայտնելու միջնորդությանը։

Նախագահող դատավորը նշեց՝ դեռևս օգոստոսի 13-ին պաշտպանը տեղեկացվել է դատական նիստերի մասին, ու այս պահին դատարանը միայն քննում է ինքնաբացարկի, բացարկի հարցը։ Մյուս մեղադրյալների ներկայացուցիչները ևս պնդեցին՝ պաշտպանի հարգելի բացակայության պայմաններում նիստը չի կարող շարունակվել։

Դատարանը կողմերին ևս մեկ անգամ հիշեցրեց հարգելի բացակայության դեպքերը՝ հայտնելով, որ պաշտպանը գործը վարույթ ընդունելու հաջորդ օրը ծանուցվել է դատական նիստի մասին։

Պաշտպան Հովհաննես Խուդյանն ասաց՝ կարող են անցնել մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցների հարցին՝ մինչև Հովսեփ Սարգսյանը կներկայանա,  իսկ փաստաբան Մկրտիչ Դավթյանը հայտնեց, որ եթե ավելի վաղ տեղյակ լիներ, որ Սարգսյանը ներկա չի լինելու, հանրային մեղադրողներին բացարկի միջնորդություն չէր ներկայացնի, քանի որ եթե անցնեն խափանման միջոցների հարցի քննարկմանը, նրանք ևս պետք է դիրքորոշում հայտնեն։

Հանրային մեղադրողները հակադարձեցին պաշտպաններին՝ ընդգծելով, որ նրանց կողմից ներկայացված դիրքորոշումները «մտացածին» են, դատական նիստի հետ որևէ առնչություն չունեն, և իրենք պատշաճ սուբյեկտներ են հանդիսանում՝ այս գործով դատախազության անունից ներկայանալու։

Նախագահող դատավորը հայտնեց՝ հանրային մեղադրողներ Վահան Հարությունյանին, Արման Բաղդասարյանին, Ծովակ Մնացականյանին, Գորիկ Հովակիմյանին և Հայկ Հովհաննիսյանին հայտնած բացարկները ենթակա են մերժման՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Ընդմիջումից հետո պաշտպաններից Ռուբեն Մելիքյանն առաջարկեց առաջանահերթ քննարկել մեղադրյալներ Լիդյա Մանթաշյանի, Արա Ռոստոմյանի, Միհրան Մախսուդյանի և Տիգրան Գալստյանի խափանման միջոցների փոփոխման հարցերը։

Մեղադրանքի կողմը պնդեց՝ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ ընտրված «կալանք» խափանման միջոցի ժամկետը պետք է երկարաձգվի 3 ամսով, քանի որ դեռևս վկաներ պետք է հարցաքննվեն, ու վերջինս կարող է ազդել գործի հետագա քննությանը։

Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը միջնորդեց վերջինիս կալանքը փոխարինել այլ խափանման միջոցով, կամ կիրառել սկզբնական կալանքի ժամանակ միջնորդությամբ ներկայացված գրավը՝ առավելագույնը 2 միլիոն դրամ։ Նա նաև ներկայացրեց ԱԺ պատգամավորների կողմից տրված երաշխավորությունը, որ վերջինս չի խոչընդոտի գործի քննությանը, չի կատարի քրեական օրենքով արգելված և որևէ այլ արարք։

Արմեն  Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը միջնորդության վերաբերյալ հետևյալ դիրքորոշումը հայտնեց․ «Եթե մենք վարույթով իջնենք և մրցույթ հայտարարենք, թե ամենաշատը ով կապ չունի այս քրեական գործի հետ, վստահ եմ՝ տիկին Մանթաշյանը կհաղթի։ Իմ պաշտպանյալ Արմենը Ալեքսանյանի առնչությունը ահաբեկչական գործողությունների նախապատրաստմանը ներկայացվել է այն դրվագով, որ նա ձվածեղ պատրաստելու տեսանյութ է հրապարակել, որը դրվել է մեղադրանքի հիմքում․ ախր, տիկին Մանթաշյանը դա էլ չի արել»։

Կոչուբաևի խոսքով՝ չկա պատշաճ ձևակերպված մեղադրանք, այս դատավարության շրջանակներում որևէ մեկն անելիք չունի։

Լսելով կողմեր դիրքորոշումները՝ դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել, մեղադրյալ Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարաձգել ևս 3 ամսով:

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել