«Ես մարդկանց էի ընդունում աշխատանքի, ինքը թքում էր վրաները, անպատվում էր, քացով խփում, վտարում էր գործարանից»․ Աղվան Հովսեփյանի գործով ևս մեկ վկա հարցաքննվեց

Հակակոռուպցիոն քրեական դատարանում նոյեմբերի 29-ին շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին դատարանում հարցաքննվեց վկա Մանվել Ղարիբյանը, որը եղել է «Երևան» հեռուստաընկերության սեփականատերերից մեկը, մյուս եղել է վերջինիս եղբայրը՝ Վարշամ Ղարիբյանը։

Ըստ մեղադրանքի՝ Երևան հեռուստաընկերության նախկին սեփականատեր Վարշամ Ղարիբյանից տեղեկանալով նրա վերաբերյալ քրեական գործերի առկայության մասին, Աղվան Հովսեփյանը նրանից որպես կաշառք պահանջել է հեռուստաընկերության 50 հատ բաժնետոմսերը, որոնք ստանալուց հետո դրանք նվիրաբերել է որդուն:

Հովսեփյանի պաշտպան Աննա Մանթաշյանը  վկայի հետ խոսեց նրա և եղբոր համատեղ բիզնեսի մասին։ Հարցրեց՝ ինչպես է ընկերությունը  դարձել իր սեփականությունը, ինչպե՞ս է բաժնեմասը ձևակերպվել եղբոր անունով և ինչ տեղեկություն ունի Աղվան Հովսեփյանի տղայի՝ ընկերության բաժնետեր դառնալու մասին։ Ի պատասխան պաշտպանի հարցի՝ վկան արձագանքեց, որ եղբոր հետ բիզնես չի ունեցել, պարզապես մի մասը եղել է եղբոր անունով։ 

Վկան հայտնեց՝ եղել է հայրենակցական միության խորհրդի անդամ, որը որոշում է կայացրել ձեռք բերել հեռուստաընկերություն՝ առանց քաղաքական հայացքների: Նպատակն էր միության համար բարեգործական հաղորդումներ պատրաստել։ Որպես խորհրդի անդամ՝ Ղարիբյանը դիմել է միության նախագահ Աղվան Հովսեփյանին, ով մինչ այսօր այդ պաշտոնում է։

Վկան տեղյակ չէ, թե Աղվան Հովսեփյանն ինչպես է վարել գործընթացը։ Հետագայում պարզվել է, որ հեռուստաընկերության այլ բաժնետերեր ևս կան։ Վկան այս մասին տեղեկացրել է Աղվան Հովսեփյանին, վերջիններս առանց գումարի իրենց մասնաբաժինը փոխանցել են։

Դատավորի հստակեցման արդյունքում հաստատվել է, որ հեռուստաընկերության համար գումար չի վճարվել։ Բաժնեմասերը ձևակերպվել են վկայի եղբոր՝ Վարշամ Ղարիբյանի անունով, Աղվան Հովսեփյանի առաջարկով։

Աղվան Հովսեփյանը հիշատակեց հայրենակցական միության անդամ Վլադիմիր Հովհաննիսյանին, որը եղել է «Երևան» ստուդիան առաջին ստեղծողներից մեկը, և իր խորհրդով էլ վերցրել են  ստուդիան՝ ծառայեցնելու իրենց միությանը։

Քանի որ վկան իր խոսքում նշեց՝ ստուդիան սկզբում եղել է անմխիթար ու թույլ, դատավորը հարցրեց, թե ներդրումներն ում կողմից են կատարվել։ Ղարիբյանը դատարանում հայտնեց, որ 2008 թվականը նոր տեխնիկա ձեռք բերելու համար, ծախսերը եղել են իր անձնական միջոցներով։ Հեռուստաընկերությունը շահույթ չի ստացել։ Աշխատավարձերը ևս տրվել են իր ֆինանսական միջոցներով։

Աղվան Հովսեփյանն առարկեց․ միայն իր միջոցներով չի եղել, կատարվել են նաև ներդրումներով, որպես միության նախագահ, «գումար էր տալիս նաև Վրեժը, թաղապետ Ռուբիկը և այլն»։

Պաշտպան Աննա Մանթաշյանը պնդեց, որպեսզի վկան հաստատի դատարանին, որ  հեռուստաընկերությունը գրանցվել է Վարշամ Ղարիբյանի անունով միայն հանգամանքների բերումով՝ իր մոտ անձնագիր չլինելու պատճառով։ Հարցի 2-րդ մասին՝ ի՞նչ տեղեկություն ունի, որ «Երևան» հեռուստաընկերության բաժնեմասի տեր է դարձել  Աղվան Հովսեփյանի որդին, Արման Հովսեփյանը, վկան չկարողացավ պատասխանել՝ ասելով, որ չգիտի՝ ինչ է տեղի ունեցել, բայց այլ մարդկանցից լսել է, որ 5-7 տարին մեկ պետք է լիցենզիա ստանալ, իսկ Աղվան Հովսեփյանի պահանջի դեպքում լիցենզիա կարող են ստանալ։

Վկան դատարանին պարզաբանեց նաև հեռուստաընկերության համար վերցված շինության վերաբերյալ հարցերին․ «Ես եմ արել ամբողջը, Վարշամը տեղեկություն չունի։ Կառավարության որոշումով ես եմ խնդրել Անդրանիկ Մարգարյանին, որ տարածքը սեփականաշնորհվեր։ Քանի որ 100% բաժնետերը Վարշամն էր, հնարավոր չէր այլ մարդու անունով անել։ Նախարարներից մեկին խնդրեցի 50 դոլարով սեփականաշնորհել, ասաց՝ Լևոն Պետրոսյանին 150 դոլարով են սեփականաշնորհել, խնդրեցի դիմեն կառավարությանը, ներկայացնեն, որ ի վիճակի չենք 150 դոլարի․ էդպես 50 դոլարով սեփականաշնորհեցինք Վարշամի անունով, բայց դա չի նշանակում, որ ինքն ա գնել կամ իրանն է, պարզապես արվել է մի անձի անունով, ում հետ հարաբերությունները լավ են եղել։ Ես չգիտեմ այս մարդուն ինչ է եղել․․․

Հեռուստաընկերության լիցենզիան վաճառվել է, բայց տարածքը մնացել է Վարշամին․ այդ տարածքի համար այսօր 2000-ից 2500 դոլար են ասում»,- պատմում է Արման Ղարիբյանը։

Աղվան Հովսեփյանը վկային հարցրեց եղբոր արարքի մասին, որով 2008 թվականին քրեական գործ էր հարուցվել։

Ըստ գործի նյութերի՝ 2008թ. սեպտեմբերի 23-ի գիշերը Վարշամ Ղարիբյանը Հովհաննես Եղիազարյանին իր տան մոտից ծեծելով առևանգել է, ապա, տանելով «Էլիտ Շանթ» ընկերություն, շարունակել է ծեծել, խոշտանգել՝ մարմնական վնասվածքներ պատճառելով վերջինիս: Ղարիբյանը Եղիազարյանին նաև ստիպել է ստորագրել մի ստացական, որով իբր վերջինս պարտք է 2 մլն դրամ և պարտավորվում է դրա դիմաց հանձնել իր «Աուդի Ա 6» մակնիշի ավտոմեքենան: Եղիազարյանին ստիպել են ևս մեկ պարտավորագիր ստորագրել, համաձայն որի` նա պետք է մինչև 2008-ի նոյեմբերի 29-ը Ղարիբյանին հանձներ 10 մլն դրամ:

«Վարշամը 8-10 բարեկամի նման բանի է ենթարկել, ո՞ր մեկին հիշեմ․ էնքան մարդու տարավ ծեծեց, գրպաններ դատարկեց, իր վրա տներ, մեքենաներ գրանցեց, խլեց․ Վարշամի արարքը տասնյակ մարդկանց հետ է կապված, չգիտեմ՝ ում հիշեմ։ Մի քանի անգամ ես եմ գնացել Հրաչիկ Վազգենիչի մոտ, ով նախարարությունում քրեականի վարչության պետն էր, Վարշամին տանում էին, գնում էի՝ բերում»,- պատասխանում է Ղարիբյանը։

2008 թվականի դեպի վերաբերյալ Մանվել Ղարիբյանը նշեց․ «Վարշամը տենց էր․ ախրանիկի հետ տարան, ծեծեցին, մեքենան իր անունով արեց։ Հետո ախրանիկն եկավ ինձնից ներողություն խնդրեց, բերեց ինձ տվեց մեքենայի անձնագիրն ու վարորդական իրավունքը»։

Պաշտպաններից Խաչատրյանը փորձեց ճշտել Մանվել և Վարշամ Ղարիբյանների միջև ծագած վեճի հանգամանքները։

-Ի՞նչ է տեղի ունեցել․ ձեր բիզնես գործունեության պառակտման նյութն ի՞նչն է եղել։
-Երբ գործարանը գրանցեցի Վարշամ Ղարիբյանի անունով, երևի մեկը բացատրել ա, որ դու կարող ես էլ եղբայր չունենալ ու Վարշամը էդպես էլ որոշեց, քանի որ գործարանն արդեն իր անունով էր․․․ Երբ Վարշամը Լվովում էր, հարսս ինձ շատ խնդրեց, թե մի բան արա, Վարշամն էնտեղ ամուսնանում ա, մի խոսքով ասացի՝ ես գործարան եմ առնում, արի քո անունով գրանցեմ։ Դե հետո արդեն ես էլ պետք չէի, վտարվեցի։
-Իսկ դրանից հետո ի՞նչ քայլերի արդյունքում ձեր միջև վեճ առաջացավ։
-Ես մարդկանց էի ըդունում աշխատանքի, ինքը թքում էր վրաները, անպատվում էր, քացով խփում էր, վտարում էր գործարանից։  Մեր միջև սկսեց վեճ առաջանալ, ես դուրս եկա, չգիտեմ․ ինձ թվում ա՝ իմ եղբայրը հիվանդ ա, ես այլ ասելու բան չունեմ։
-2008-ից մինչև 2014 թվականների ընթացքում այդ վեճերը եղե՞լ են։
-Եղել են վեճերը, ինքն ինձ դատի տվեց շանտաժով, սիրում ա տենց բաներ, ես էլ դատարանում արդարացվեցի։

Աղվան Հովսեփյանը միջամտելով փորձեց վերաձևակերպել պաշտպան Արմեն Խաչատրյանի հարցը․ «Քրեական գործով, որով ինձ մեղադրանք է առաջադրված, տրամաբանությունն այնպիսին է, որ այդ հողը ձևակերպվել է քո ու քո եղբոր մեջ եղած գույքային վեճի դիմաց որպես գարանտիա․ էդ հո՞ղն էր թանկ, թե՞ քո ու քո եղբոր ամբողջ վեճի գույքը»։

Պատասխանելով հարցին վկան ասաց․ «Ո՞նց կարա գույքը մեր եղբայրությունից թանկ լինի, պարոն Հովսեփյան։ Հա, իր համար կարող է, ինձ համար՝ ոչ։ Իսկ մեր վեճի առարկան՝ հիմնականում գույքերը, մնացել են գործարանի մեջ։ Գործարանի գույքն իմ անունով ա, գործարանը՝ Վարշամի։ Քանի որ ես վտարված եմ, ես դատի տվեցի, որ էդ գույքերը վերցնեմ։ 520 միլիոն դրամ դատարանով ապացուցված ա՝ միլիարդուկեսի փոխարեն»։

Հարցաքննությունը շարունակելով՝ փաստաբան Արման Խաչատրյանը հարցրեց․

-Ձեր վեճերի արդյունքում հնարավոր կհամարեի՞ք երբևիցե, ինչ-որ իրավիճակ, որ Ձեզ փոխանցեին այդ հողամասից դիցուք 3 կամ 4 հազար  քառակուսի, և հրաժարվեիք էն վեճերից կամ պահանջներից, որը որ ունեիք Ձեր եղբոր հանդեպ։
-Ոչ, ոչ մի դեպքում․ տենց միտք եղել ա՝ կեսն ինձ, կեսն՝ իրան, կամ 60/40, բայց դա մնացած գույքերի հետ կապ չուներ։ Հողն առանձին խնդիր ա, մնացածն՝ առանձին։
-Ձեր միջև առկա վեճի վերաբերյալ, մասնավորապես ֆինանսական հարցերի, փոխհատուցումների կամ փոխզիջումների մասին, երբևէ եղե՞լ է առաջարկ կամ միջնորդություն, որպեսզի 3 հազար քառակուսի մետր հողը ձեզ զիջվի, և դուք հրաժարվեք մնացած պահանջներից։ Այդպիսի առաջարկներ եղե՞լ են ձեր ընկերների, հարազատների կամ միության անդամների կողմից։
-Նման բան չի եղել։ 6 ու 3, 6 ու 3 հեկտար պետք ա բաժանվեր երկուսիս մեջ, տենց խոսակցություն եղել ա, բայց որ 3 հեկտար  կամ ինչ-որ մի բանի դեմ զիջել, խի կամ ի՞նչը զիջեմ։

Դատավորը միջամտելով նշեց, որ դա վկայինը չի, որ կարողանար զիջել կամ ոչ, վկան հաստատեց, որ հողը կապ չուներ զիջել-չզիջելու հետ․ դա իրենը չէր։ Հարցին, թե ինչու պետք է 6/3, 6/3 բաժանվեր իրենց միջև, եթե իրենցը չէր, վկան պատասխանեց․

-Բա, որ ինքը բոլորից խլում ա, կեսը չվերցնե՞նք իրանից։
-Ինչի՞ Ձեր անունով վերցնեիք։
-Բա ո՞ւմ անունով։
-Միության։
-Դե միության անունով կարող ա հարկեր բան առաջանար․ անձով կվերցնեի, անձով կնվիրեի միանգամից։
-Դուք ասում եք՝ ես վերցնեի, ես նվիրեի․ թող միանգամից կեսը նվիրեր։
-Դե էդ ուղղակի խոսակցություն էր, ոչ արվել ա, ոչ էլ կարվի։ Իմ անձին պետք չէր էդ հողը, ո՞նց կարամ 3 հեկտար վերցնեմ, ինչ-որ բանի դիմաց զիջեմ․ ինչի՞ դիմաց։ Որտե՞ղ ա գրված, որ պետք ա միության հողը վերցնեմ իրան ինչ-որ բան զիջեմ․ չգիտեմ՝ ինչի մասին ա խոսքը։
-Ես էլ ուզում եմ հասկանալ, եթե Ձեր հողը չէր, Դուք էդ հողի հետ կապ չունեիք․․․
-Դրա համար էլ չեմ վերցրել, չի եղել։․․․Գիտե՞ք ինչ, քանի որ իմ եղբայրն էր, ես էլ էի վատ զգում, պատասխանատվություն էի զգում․ ես եմ խառնվել էդ ամենի մեջ․ ինձ վատ էի զգում, որ ասում էր՝ չեմ տալիս։
-Աճուրդում ինքն է շահե՞լ։
-Աճուրդում՝ հա, ինքը շահել ա, ես՝ վճարել։ Իր անունով ա ձևակերպվել, բայց իրականությունը դա չի․ 10 տարի հետո ա հասկացել՝ իր անունով հող կա։

Աղվան Հովսեփյանը  հարցրեց․

-Ասացեք, խնդրեմ, փոքր եղբայրս՝ Ռուբիկը, որտե՞ղ ա ապրում, ի՞նչ բնակարանում։
-Ռուբիկն ապրում է Արարատյան մասիվ 2 կամ 3 սենյականոց բնակարանում։
-Հիմա, եթե էդ հողը վերցված էր բնակելի թաղամասի համար, եղբայրս իրավունք ունի՞ այդտեղ մի 1000 մետր տարածքի վրա իր համար տուն կառուցեր։
-Իհարկե։
-Բա ինչի՞ չկառուցեց։
-Չգիտեմ։ Վարշամն ում էր թողնում կառուցեր որ։
-Նախաքննության շրջանում հարցաքննվե՞լ եք քննիչի մոտ։
-Այո։
-Եվ գործից երևում ա, որ կիսատ ա ամնացել։ Դրանից հետո Ձեզ կանչե՞լ են հարցաքննության։
-Չէ, ինձ չեն կանչել։
-Կանչելու դեպքում այն ցուցմունքները, որոնք տվիք դատարանում, կտայի՞ք քննություն։
-Ճիշտն ասած՝ ինչ պատմում էինք, քննիչը գրում էր։ Հետո տվեց ստորագրեմ, ես փաստաբանի հետ էի, վերցրի, որ ստորագրեմ, փաստաբանը կարդաց, կեսը աղավաղված էր․ ասի՝ ընկեր, էս ի՞նչ ես գրել, խ՞ի ես սենց սուտ գրել, բա վրիպակ էր․ զայրացա, ճիշտն ասած։
-Կանչելու դեպքում նույն ցուցմունքները կտայի՞ք, որոնք տվիք դատարանում։
-Այո, նույնը կտայի։ Գիշերն էլ քնից հանեն՝ նույնն եմ ասելու, որովհետև իրականությունն եմ խոսում։

Վկան հաստատեց, որ Աղվան Հովսեփյանը «Երևան» հեռուստաընկերության բաժնետեր դարձել է առանց դրա դիմաց վճարելու, բաժնետոմսեր գնելու։ Դատախազը հետաքրքրվեց․ «Նորմա՞լ էր, որ պաշտոնատար անձը փակ բաժնետիրական ընկերության հետ կապված հարցեր էր լուծում․ ով ձեռք բերի, ում անունով գրանցվի և այլն»։

Վկան հերքեց նաև, որ գործարար Սամվել Ալեքսանյանը որևէ կապ ունի հեռուստաընկերության հետ։

«Սովետ միության ժամանակ Վոլոդյա Հովհաննիսյանը ղեկավարում էր հեռուստաընկերությունը։ Ամբողջ հեռուստաընկերության մեջ մի բլոկ էր։ Երբ ամեն ինչ քայքայվեց ու անցանք կապիտալիստական հասարակարգի, այդ հեռուստաընկերություններն այնպես չի, որ պարտադրում էին որոշ բիզնեսմենների, եկամուտ ունեցողների, որ վերցնեն պահեն՝ չփլուզվի։ Սենիկը, ում մասին խոսում ենք, որ ուներ 51% բաժնեմաս, նրա ինչ՞ն էր պետք հեռուտաընկերությունը. ինքը Մոսկվայում էր, վախենում էր ինքնաթիռից, դրա համար ուղարկել էր թուղթը, որ տալիս է ինձ իր բաժինը։

Նույն կերպ՝ Ալեքսանյան Սամվելն ինքը, ցուցմունք տվեց դատարանում Ձեզ՝ հարգարժան դատարան, որ Բոգոն իր ընկերն ա։ Ես չգիտեմ՝ ինչ է այդտեղ կատարվել․ Բոգոյի ինչի՞ն էր պետք հեռուստաընկերությունը», – նշեց Աղվան Հովսեփյանը։

Նիստը հետաձգվեց, վկաների հարցաքննությունը կշարունակվի նաև հաջորդ դատական նիստին։

Մարիամ Աբրահամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել