Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի շուրջ 1.7 մլն. ԱՄՆ դոլար․ ՇՄ նախարարը համաձայնագիր է կնքել

Այսօր  Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական կնքեցին «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը»։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։

Համաձայնագրով Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրում է շուրջ 1.7 մլն. ԱՄՆ դոլար, որը կուղղվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող օդի որակի մոնիթորինգի կայանների արդիականացման և սարքավորումների ձեռքբերման համար։

Այս քայլը հնարավորություն կտա շարունակական և համակարգված ձևով զարգացնել օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը, բարձրացնել տվյալների որակի վերահսկողությունը, ամրապնդել կանխատեսումների հուսալիությունը և ապահովել առողջ ու կայուն միջավայրի ձևավորումը։

Նախարար Համբարձում Մաթևոսյանը վստահեցրեց, որ համագործակցությունը կնպաստի ինչպես շրջակա միջավայրի պահպանությանը, այնպես էլ կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանը, կայուն քաղաքների զարգացմանը և քաղաքացիների առողջության պահպանությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել