Սեպտեմբերի 12-ին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Վանաձորի բնակիչ՝ 32-ամյա տղամարդը, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով ընկերոջ հետ գնում է համաքաղաքացու տուն՝ թմրանյութ ձեռք բերելու նպատակով։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:
Հետագա միջոցառումների արդյունքում ժամը 10.50-ին ոստիկանները ձերբակալել են ընկերներին և տեղափոխել վարչություն։ 42-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են ներարկիչներ, տարբեր գրառումներով ապակե հինգ սրվակ և կիսով լցված ներարկիչ, որում, ըստ նրա, մեթադոն է եղել։
Բացահայտվել է, որ 42-ամյա ուղևորը ձերբակալվելուց առաջ մեթադոնը գնել է Վանաձորի բնակիչ՝ 52-ամյա տղամարդուց։ Նույն օրը՝ ժամը 10.30-ին, երկու ընկերները նախ այցելել են Վանաձորի Նարեկացու փողոցի 33-ամյա բնակչին, որը նրանց տրամադրել է յոթ հազար դրամ՝ մեթադոն ստանալու համար, սակայն հանցագործությունը կանխվել է ոստիկանների միջամտությամբ։
Ձերբակալվել է նաև 33-ամյա տղամարդը, որի խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված և մոխրացած հետքերով ծխամորճ։
Թմրանյութ վաճառող 52-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննության հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։