Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօր դատարանում հարցաքննվում է գործարար Սամվել Ալեքսանյանը, վերջինս նշեց, որ 16։00-ին միջոցառման պետք է մասնակցի, խնդրեց առաջինն իրեն հարցաքննել։
Ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար, նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է: Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, 2017 թվականի ապրիլի 10-ին իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վրեժ Մարկոսյանին համոզելու եղանակով դրդել է վատնել նրան վստահված, Վարշամ Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:
Սամվել Ալեքսանյանն առաջարկեց հարցերի միջոցով դատարանին հայտնել այն, ինչ կարող է։ Հանրային մեղադրող կորյուն Սերոբյանը հետաքրքրվեց՝ վերջինս ճանաչո՞ւմ է Վարշամ և Մանվել Ղարիբյաններին։ Ալեքսանյանը նշեց, որ 2 եղբորն էլ ճանաչում է շուրջ 20 տարի։ Վկայից հետաքրքրվեցին նաև՝ երբևէ «Երևան» հեռուստաընկերությունում բաժնեմաս ունեցե՞լ է։ Ալեքսանյանը բացասական պատասխան տվեց․ «Ես ոչ մի բանից խաբար չեմ»։
Դատախազը նշեց, որ Աղվան Հովսեփյանը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել է՝ հեռուստաընկերության 30 տոկոսը Սամվել Ալեքսանյանինն էր, որը վերջինս նվիրել է իրեն։
«Ցավդ տանեմ, իմ անունով չի էլ եղել, որ ես նվեր տամ։ Ի՞նչ պետք ա նվեր տայի ես»,-նշեց վկան, ինչին ի պատասխան Կորյուն Սերոբյանն էլ ասաց, որ քննիչը ևս նման տվյալներ չի հայտնաբերել։
«Ո՛չ ունեցել եմ, ո՛չ էլ բան եմ արել։ Դե որ տենց ա, հիմա աերոպորտն էլ մեկին նվեր տամ»,-նշեց նա։
Այնուհետև Ալեքսանյանին սկսեց հարցեր տալ Աղվան Հովսեփյանը․ «Դուք Բոգո անունով մարդ ճանաչո՞ւմ եք։ Բոգոն մականունն է, չէ՞»։
Վկան նշեց, որ այդ մականունով մարդու ճանաչում է։ Ասաց՝ ամբողջ կյանքում իր ընկերն է եղել, սակայն իրական անունն ու ազգանունը չգիտի․ «Եթե չեմ սխալվում, անունը Ռոբերտ ա, բայց Բոգո են ասում»։
Հեռուստաընկերությունը միշտ լուսաբանել է «Ապարան» հայրենակցական միության կազմակերպած միջոցառումները, դատարանում այդ մասին խոսեց նաև Սամվել Ալեքսանյանը․ «Բոգոյին կանչեք, իրան հարցաքննեք»։
Հարցին՝ «Բոգոն» հեռուստաընկերության հետ կապ ունեցե՞լ է, թե ոչ, Ալեքսանյանը պատասխանեց՝ չգիտի․ «Գիտեմ, որ տելեստուդիայի հետ ինչ-որ կապ ուներ»։
Պաշտպանական կողմը ընդմիջում խնդրեց, սակայն դրանից հետո հայտարարեց, որ վկային հարցեր չունի։
Ալեքսանյանը հեռացավ նիստերի դահլիճից։
Մանրամասները՝ տեսանյութում։