Վահագն Վերմիշյանի գործով 4 միջնորդություն է ներկայացվել դատարանին

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ հունիսի 7-ին, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատասխանողի ներկայացուցիչներն այս նիստին 4 միջնորդություն են ներկայացրել։

Միջնորդություններից երկուսն ավելի վաղ են ներկայացված եղել, որոնք վերաբերել են Սլովենիայի Հանրապետությունում Սուսաննա Վերմիշյանի և Վահագն Վերմիշյանի աշխատանքային գործունեության շրջանակներում ստացված եկամուտներին։ Սլովենական ընկերությունում Սուսաննա Վերմիշյանը եղել է տնօրենը, հիմնադիրը եղել է Վահագն Վերմիշյանը, որից 2012 թվականից մինչև 2017 թվականի վերջերը եկամուտներ են ստացվել, այդ տվյալները փաստաբանները սլովերենից թարգմանել են ռուսերեն, ռուսերենից՝ հայերեն, որի մեջ ներառվել են նաև բանկային քաղվածքները, հաշվապահի կողմից տրված էլեկտրոնային նամակները, որտեղ տրված են ամեն ամսվա փոխանցումները։

Ներկայացուցիչները դա ներկայացրեցին դատարանին որպես ապացույց դրանք ընդունելու նպատակով։

Նիստի ընթացքում քննարկվեց նաև ՌԴ-ում ներկայացուցիչների գործընկերոջ՝ փաստաբանի լիազորագրի հարցը, որը Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել էր, հիմա այն ուղարկվել է նոտարին, վերջինս պետք է 15 օրվա մեջ հաստատի լիազորագիրը, որպեսզի նա կարողանա Վահագն Վերմիշյանի տվյալները հավաքագրի։

Հաջորդ միջնորդությունը վերաբերում էր 2018 թվականին ընկերություններից մեկում բաժնետոմսերի վաճառքին, ինչի դիմաց Վահագն Վերմիշյանը ստացել է մոտ 56 միլիոն դրամ եկամուտ։

Ներկայացուցիչները դատարանից այս մասով ևս լիազորագիր խնդրեցին։ Բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագիրը ևս խնդրել են, որպեսզի դատարանն այն ընդունի որպես լրացուցիչ ապացույց, դատախազությունն այդ մասով առարկություն չհայտնեց։

Դատարանի որոշմամբ այդ պայմանագիրը ևս ընդունվեց որպես ապացույց։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 8-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել