«ՍԴ-ն ապացուցել է՝ անկողմնակալությունը և անաչառությունը դատարանի և դատավորի համար դատարկ խոսքեր չեն եղել»․ Արման Դիլանյան

«Այս ընթացքում շատ բաների միջով անցան Սահմանադրական դատարանը, դատավորները»,-այս մասին Iravaban.net-ի հետ հարցազրույցում հայտնել է դատարանի նախագահ Արման Դիլանյանը։

Սդ նախագահի հետ խոսել ենք Հռոմի ստատուտի, դատավորների վրա գործադրվող ենթադրյալ ճնշումների, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի, ՍԴ դատավորներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու և այլ հարցերի մասին։

-Պարոն Դիլանյան, լրացել է Ձեր պաշտոնավարման 5-րդ տարին (2018-ից դատավոր, 2020-ից՝ ՍԴ նախագահ)։ Ի՞նչ խնդիրներ կային, որոնք այս տարիների ընթացքում, Ձեր ընտրությունից հետո լուծվել են։

-Սահմանադրական դատարանում խնդիրները լուծվում են կոլեգիալության տրամաբանությամբ։ Այս ժամանակահատվածում և դրանից առաջ, այս պահին, սրանից հետո «խնդիրները» դատարան ներկայացվող դիմումներն են։ Խնդիր ասելով նկատի ունեմ այն պատասխանատվությունը, որը ստանձնում է ՍԴ-ն։ Դատարանին է հանձնվում սահմանադրաիրավական որևէ վեճ և դրա լուծումը։ Դա միշտ պատասխանատվություն է, «խնդիր է», որևէ մենք պետք է կարողանանք ճշգրիտ կերպով, Սահմանադրությանը համահունչ հաղթահարենք։

-Մյուս դատարանների դատավորների սոցիալական երաշխիքների, աշխատավարձի բարձրացման և այլ նման հարցերի մասին անընդհատ խոսվում է և դատավորներն էլ են խոսում։ Սահմանադրական դատարանն այս առումով պասիվ է։ Կարո՞ղ եք այժմ հայտնել, թե ինչպիսի խնդիրների են բախվում հենց ՍԴ դատավորները։

-Մենք չենք կարող խնդիրներ չունենալ։ Մենք մասն ենք մեծ պետական համակարգի, չենք կարող չունենալ այն խնդիրները, որոնք բնորոշ են համակարգին։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք փոփոխությունները, դրանց արդյունքները, որոնք նախաձեռնվում են օրենսդիրի և գործադիրի կողմից։ Չենք կարող չնկատել, որ դատավորները, ինչպես նաև ՍԴ դատավորների աշխատավարձերը վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել են։ Մենք կարծում ենք, որ դատավորի աշխատավարձը, սոցիալական երաշխիքները դատավորի անկախության կարևորագույն բաղադրիչներից են։ Սակայն մենք չենք կարծում, որ դրանք կարող են ոչ պրոպորցիոնալ բարձրանալ՝ հաշվի չառնելով պետության տնտեսական վիճակը։

Իհարկե, դատավորների կենսապայմաններին ուղղված միջոցառումները, աշխատավարձի բարձրացումը, սոցիալական ապահովության ծրագրերը դեռ հեռու են միջազգային ստանդարտներին համապատասխանելու, գիտակցում ենք։ Բայց մենք չեն կարող պահանջել կամ ակնկալել այնպիսի փոփոխություններ, որոնք համարժեք չեն լինի այդ պահին պետության տնտեսական զարգացվածության մակարդակին։ Նկատելով այն անկեղծությունը, որը կա գործադիրի և օրենսդիրի մոտ, մենք հուսով ենք, որ տնտեսական զարգացմանը համարժեք կբարձրացվեն նաև դատավորների աշխատավարձերը։

-2018-ին, ՍԴ դատավոր թեկնածուի կարգավիճակում խորհրդարանում հայտարարեցիք, որ յուրաքանչյուր խնդիր, որը ծագում է իրավունքի հարթությունում իր լուծումը ունի Սահմանադրության մեջ։ Սահմանադրական ենթադրյալ ճգնաժամերի մասին խոսվում էր և 2018-ին, և 2019-ին, և 2020-ին, պատերազմից հետո։ Խնդրում եմ սկզբում նշեք՝ 2018-ին և դրանից հետո սահմանադրական ճգնաժամին մասին կարծիքները հիմնավո՞ր են, թե՝ ոչ։ Եթե այո, ապա ճգնաժամն իր հանգուցալուծումն ունեցե՞լ է։

-Ես այժմ էլ կարծում եմ, որ ցանկացած խնդիր, ճգնաժամային իրավիճակներ, որոնք առաջանում են պետության ներսում, դրանք իրենց լուծումն ունեն Սահմանադրության մեջ։ Այս առումով անուղղելի լավատես եմ։ Մենք միշտ պետք է հիշենք, որ Սահմանադրությունը դա զուտ իրավական փաստաթուղթ չէ։ Այն ունի պատմական, էթիկական, մշակութային, տնտեսական և այլ բաղադրիչներ։ Այդ բոլոր բաղադրիչները ճգնաժամային իրավիճակներում օգնում են մեկնաբանել Սահմանադրությունն այնպես, որպեսզի գտնվեն այդ ճգնաժամերի իրավական բանալին։ Այլ խնդիր է՝ կա արդյոք քաղաքական կամք՝ ճգնաժամերը լուծել իրավական ճանապարհով։

-Կամք կա՞։

-Մինչև հիմա ես նկատում եմ, որ կա։ Մենք տեսնում ենք այդ ճգնաժամերի հաղթահարում առավելապես հենց իրավական, Սահմանադրության թելադրած ճանապարհով։ Ես կարծում եմ, որ այստեղ դերակատարություն է ունեցել նաև Սահմանադրական դատարանը՝ իր որոշումներով։

-2021-ի մարտի 26-ին, երբ հրապարակվեց նախկին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբեյալ ՍԴ որոշումը, հասարակության մի մասն այն սվիններով ընդունեց։ Հաշվի առնելով գործի հանրային մեծ հնչեղությունը կարո՞ղ եք նշել, թե այդ օրերին ի՞նչ դժվարությունների, խոչընդոտների հանդիպեցին դատարանը, դատավորները։

-Հանրային հնչեղություն, հանրային հեղինակություն և այլն, դրանք սուբյեկտիվ եզրույթներ են։ ՍԴ-ի և դատարանի դատավորի համար նշանակություն ունի միայն օբյեկտիվ իրականությունը։ Սահմանադրական դատարանի համար արդարադատություն իրականացնելիս նշանակություն ունի միայն օբյեկտիվ ճշմարտությունը, դրանով էլ մենք առաջնորդվում ենք։ Որևէ պարագայում դատարանը, դատավորը իրավունք չունի արդարադատություն իրականացնելիս առաջնորդվել որևէ կարծիքով։

Կարծում եմ՝ այս ժամանակահատվածում ՍԴ-ն ապացուցել է, որ անկողմնակալությունը և անաչառությունը դատարանի և դատավորի համար դատարկ խոսքեր չեն եղել։

-Բոլոր դատավորները պետք է անկաշկանդ լինեն, անաչառ լինեն, իրենց որոշումները պետք է հիմնված լինեն միայն գործի նյութերի վրա։ Սակայն իրավիճակն այնպիսին է, որ ՍԴ-ի դռների առաջ դատավորներին սպասում էին, խոսեցնում էին, լրագրողները փորձում էին հարցերով պարզաբանումներ ստանալ։ Սա սովորական իրավիճակ չէ ՍԴ-ի դատավորների համար։ Այդ ընթացքում դատավորների կողմից որևէ դժգոհություն կամ ճնշվածության դրսևորումներ եղե՞լ են։

-Որևէ ճնշվածության դրսևորում չի ունեցել Սահմանադրական դատարանի դատավորը։ Ես այդպիսի տպավորություն եմ ունեցել իմ գործընկերների հետ շփվելիս։ Հաշվի առնելով ՍԴ-ի դերակատարությունը, հաշվի առնելով, թե ինչ տեսակի կարևորության հարցեր են հանձնվում Սահմանադրական դատարանի քննությանը, դատավորները գիտակցում են, որ կարող են հայտնվել այդպիսի իրավիճակներում. ՍԴ դատավորի առաքելությունը նման ճնշումներից վեր, բարձր լինելն է։  Դատավորը պետք է առաջնորդվի միայն օբյեկտիվ իրականությամբ, գործի լուծման համար նշանակություն ունեցող օբյեկտիվ հանգամանքներով։

Ես չեմ նկատել, որ ՍԴ որևէ դատավոր, ոչ նախկինում, ոչ էլ հիմա, որ ճնշվել է նման ազդեցություններից։ Այս ընթացքում շատ բաների միջով անցավ Սահմանադրական դատարանը, դատավորները։ Սակայն, իմ կարծիքով՝ դատարանի և դատավորների վիճակի մասին լավագույն փաստը, այդ խնդիրները ընդունելու ու ճանապարհելու մասին են խոսում մեր որոշումները։ ՍԴ-ի որոշումները լավագույն ապացույցն են ՍԴ-ի անկախության և անաչառության։

-Բավականին բուռն քննարկումների առարկա դարձավ նաև ՍԴ դատավորներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ իրավակարգավորումը։ Սա գնահատվեց, որպես դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանից և իշխանությանը «ոչ հաճո» դատավորներից ազատվելու տարբերակ։ Դուք նման խնդիր տեսնո՞ւմ եք և եթե այո, ապա որքանո՞վ է դա ընդունելի և ընկալելի Ձեզ համար։

-Ես նման խնդիր չեմ տեսնում և չեմ էլ տեսել։ Այդ փոփոխություններով իրացվեց սահմանադրի, ժողովրդի կամքը՝ ունենալ այն մոդելի Սահմանադրական դատարան, որի համար նա քվեարկել էր 2015-ին։ Մենք հիմա ամբողջ ծավալով ունենք 2015 թվականի Սահմանադրության 7-րդ գլխով նախատեսված Սահմանադրական դատարան։

-Ձեր կարծիքով՝ անձերի դեմ ուղղված չէր այս որոշումը։

-Բացարձակ։ Ես կարող եմ այստեղ զանազան պնդումներ կատարել։ Բայց եկեք վերցնենք ու ՍԴ որոշումները նայենք։ Բոլորս էլ գիտենք անձերին, բոլորիս էլ գիտենք՝ ինչի մասին էր խոսքը։ Եկեք ընթերցենք ՍԴ որոշումները։ Այդ փոփոխություններից հետո ՍԴ ո՞ր որոշումն է վկայում այդ պնդումների ճշմարտացիությունը։ Կարծում եմ՝ ՍԴ որոշումները այդ պնդումների լավագույն հերքումն են։

Դեկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» թիվ 25240/20 գործով որոշումը։ Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և Սահմանադրական դատարանի նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի:

-Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակել է Հռոմի ստատուտի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ որոշումը։ Դրա վերաբերյալ հատուկ կարծիք է ներկայացրել 3 դատավոր, այդ թվում՝ դատավոր Հրայր Թովմասյանը։ Նա նշել է, որ Սահմանադրական դատարանն այդ որոշմամբ դուրս է եկել Սահմանադրությամբ և օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակից։ Դատավորի կողմից նման գնահատականը ընդունելի, ընկալելի՞ է դատարանի, դատարանի նախագահի համար։

-Դատարանի վերաբերմունքը դատարանի որոշումն է։ Մենք ունեցել ենք 3 հատուկ կարծիք։ Դա շատ բնականոն իրավիճակ է դատարանների պարագայում։ Մի կողմից մենք 3 դատավորի հատուկ կարծիք ունենք, մյուս կողմից ՝ 6 դատավորի կարծիք։ ՍԴ-ի Ձեր նշած որոշումը 6 դատավորների կարծիքն է։ Ես կարծում եմ, որ հատուկ կարծիքների վերաբերյալ Ձեզ մոտ առաջացող հարցերի պատասխանները լավագույնս ներկայացված են ՍԴ որոշման մեջ։ Ես ուղղակի կխնդրեմ պատշաճ ուշադրությամբ և վերաբերմունքով ընթերցվի նաև այս որոշումը։ Կարծում եմ՝ որևէ հարց այդ պարագայում չի առաջանա։

-Այստեղ հարցը ոչ թե որոշման, հատուկ կարծիքի հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելու խնդիրն էր, այլ Սահմանադրական դատարանի գործող դատավորի գնահատականը ինստիտուտի վերաբերյալ։

-Ես որևէ պարագայում ինձ թույլ չեմ տա գնահատել Սահմանադրական դատարանի դատավորի կարծիքը։ Ես ավելի քան համոզված եմ, որ Ձեր մտահոգությունները, որոնք Դուք բարձրաձայնում եք, կփարատվեն, Ձեր հարցերի բոլոր պատասխանները կստանաք Սահմանադրական դատարանի որոշման մեջ։ Մենք ամբողջ ծավալով ենք այդ խնդիրներին անդրադարձել։ Դատարանն անդրադարձել է ոչ միայն քրեական դատարանի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների համապատասխանությանը Սահմանադրությանը, ֆորմալ գործողություն չենք իրականացրել։ ՍԴ-ն խորքային վերլուծություններ է կատարել։

-Իսկ նման տարբեր կարծիքները մթնոլորտն աշխատանքային դարձնո՞ւմ են։ 

-Դրանք անհրաժեշտ են։ Այդ գաղափարների կռիվն անհրաժեշտ է, որպեսզի ՍԴ-ում ծնվի օբյեկտիվ, բազմակողմ քննարկման արդյունքում կայացված որոշում։ Դա շատ արդարացի է։

Եթե անգամ միաձայն չի ընդունվում որոշումը, հանրությունը տեսնում է՝ ինչու է դատավորների մեծ մասն այս տեսակի որոշում ընդունել։ Դատավորների կարծիքը որոշման մեջ է ամրագրված, փոքրամասնության գաղափարը, որը կողմ չի քվեարկել որոշմանը, կարելի է տեսնել հատուկ կարծիքներում։

Հատուկ կարծիքների ինստիտուտը շատ կարևոր է։ Դրանք, իմ տպավորությամբ, պետք է պարտադիր լինեն կոլեգիալ մարմնի պարագայում։ Խոսել, որ դա խոչընդոտում է ՍԴ-ի բնականոն գործունեությանը… մենք դա այդպես չենք ընկալում։ Մենք իրականում փնտրում ենք այդ օբյեկտիվ քննադատությունը։ Իհարկե, առողջ, ողջամիտ, քաղաքականապես չուղղորդված, այլ միտում չունեցող քննադատությունը։

-Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում է կայացրել դիմել` Վենետիկի հանձնաժողով («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով»)՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Վենետիկի հանձնաժողովն արդեն երկար ժամանակ է, ինչ փոխանցել է իր կարծիքը։ Խնդրում եմ ասել՝ Դուք, դատարանը բավարարվա՞ծ եք Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքով և ե՞րբ սպասել այս հարցով ՍԴ վերջնական որոշմանը։

-Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալը գործողություններից մեկն էր։ Մենք ստացել են առաջադրված հարցերի ամբողջական պատասխանները։

Վերջերս մենք նշված օրենքի կիրառման համակարգում ներգրավված պետական մարմիններից խնդրեցինք և ստացանք իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում՝ օրենքի կիրարկման վերաբերյալ կայացված որոշումները։ Մենք հսկայական ծավալի նյութեր ենք ստացել և այժմ այդ նյութի ուսումնասիրությամբ ենք զբաղված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հարցազրույցը՝ Եվգենյա Համբարձումյանի 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել