Աննա Դանիբեկյանը ՍԴ-ի օգնությանն է դիմել, սակայն մերժում է ստացել

2024 թվականի հուլիսի 16-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին ԲԴԽ-ի պաշտոնական էջում տեսանյութ էր հրապարակվել, որով ԲԴԽ-ի աշխատակազմը դատավորներին է մեղադրել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Երանոսյանի, Գագիկ Խաչատրյանի և Մանվել Գրիգորյանի գործերի հետաձգման համար։ Դեպարտամենտը հորդորել էր վարույթ հարուցող մարմիններին, որոնց թվում է գործադիր իշխանությունը, տեսանյութը դիտարկել կարգապահական վարույթ հարուցելու ուղղությամբ գործողություններ իրականացնելու համար։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝2025-ի հունվարի 20-ին Դանիբեկյանը դիմել է Սահմանադրական դատարան, խնդրել է Դատական օրենսգրքում ամրագրված էական կարգապահական խախտման վերաբերյալ կետերը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել։

Նշենք՝ օրենսգրքով էական կարգապահական խախտում է՝

1) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը կամ

2) դատավորի կողմից այնպիսի արարք կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:

Բացի այդ, դիմողը խնդրել է Մայր օրենքի հակասող և անվավեր ճանաչել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ կարգավորումները, ինչպես նաև օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ մասը․ «Բարձրագույն դատական խորհրդի կանչով դատավորի անհարգելի չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցն իրավասու է քննելու դատավորի բացակայությամբ»:

Ըստ Դանիբեկյանի՝ Դատական օրենսգրքում ամրագրված էական կարգապահական խախտման հասկացությունները չեն համապատասխանում օրենքի կանխատեսելիության չափանիշին և ոչ բավարար որոշա-կիության պատճառով հնարավորություն չեն ընձեռում հստակ սահմանազատել վերոնշյալ «էական» կարգապահական խախտումները նույն հոդվածի այլ կետերով նախատեսված այլ կարգապահական խախտումներից՝ իրավակիրառողին վերապահելով չափազանց լայն հայեցողության ազատություն այդ եզրույթները մեկնաբանելիս և կիրառելիս:

Անդրադառնալով «հասարակ» և «էական» կարգապահական խախտումների սահմանազատման հիմք հանդիսացող հանգամանքներին՝ դիմողը գտնում է, որ վերոնշյալ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում որպես այդպիսին դիտվում է կարգապահական խախտման հետևանքը, մինչդեռ գործնականում նշված հետևանքներն անխուսափելիորեն ուղեկցում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ հանդիսացող ցանկացած խախտումը: Ըստ դիմողի՝ դժվար է պատկերացնել, թե ինչպես նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ որևէ խախտում կարող է չհանգեցնել դատավարության մասնակիցների արդար դատաքննության իրավունքի խախտմանը կամ չհեղինակազրկել դատական իշխանությունը: Դիմողի պնդմամբ՝ այդպիսի խախտման ակնհայտ և կոպիտ բնույթն ինքնին պարունակում է նշված հետևանքների առաջացման անխուսափելիությունը:

Դիմողը նշում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավոր Վահե Միսակյանի վերաբերյալ կայացված որոշմամբ վերջինիս վերագրվել է «տուժողի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքի» խախտում, ինչպես նաև «դատական իշխանու- թյունը հեղինակազրկելը»: Այսինքն՝ Դանիբեկյանի պնդմամբ՝ որպես «հասարակ» որակված կարգապահական խախտման պարագայում ուղղակիորեն արձանագրվել են «էական» կարգապահական խախտման հատկանիշներ հանդիսացող՝ օրենսգրքում նկարագրված հետևանքները, այլ կերպ՝ բոլոր այն հանգամանքները։ Միևնույն ժամանակ, ըստ դիմողի՝ իր գործով Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ արձանագրված նույն հանգամանքները (գործի ողջամիտ ժամկետում քննության իրա- վունքի խախտումը և դատական իշխանության հեղինակազրկումը) հանդիսացել են կարգապահական խախտումը «էական» որակելու և ամենախիստ կարգապահական տույժ կիրառելու հիմք:

Աննա Դանիբեկյանը նշել է նաև, որ խորհրդի աշխատակազմի պատրաստած և իր պաշտոնական հաշիվներում հրապարակված տեսանյութն արհեստականորեն հարմարեցվել է կարգապահական վարույթ հարուցելու առիթների վերաբերյալ կարգավորումներին, որով որպես կարգապահական վարույթ հարուցելու առիթ նախատեսված է մամուլում հրապարակված նյութը:

«Միաժամանակ ուշագրավ է, որ այդպիսի առիթների ցանկում ներառված չէ պետական իշխանության մարմնի պաշտոնական աղբյուրում հրապարակված նյութը, ինչից հետևում է, որ կարգապահական վարույթ հարուցելու օրինական առիթ առկա չի եղել։ Այդ իսկ պատճառով, հետագա կարգապահական վարույթին իրավաչափ տեսք հաղորդելու նպա- տակով տեսանյութի սկզբնաղբյուրը քողարկվել է մամուլում կատարված վերահրապարակմամբ»,-նշել է Դանիբեկյանը:

Դիմողը գտնում է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստին դատավորի չներկայանալու դեպքում պետք է քննարկման առարկա դարձվեն նրա բացակայության պատճառներին, դրանց հարգելի կամ անհարգելի լինելուն առնչվող հարցերը: Նախկին դատավորն այս առումով ընդգծում է, որ դատավորի բացակայությամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելու Խորհրդի լիազորությունը հայեցողական է, ինչը ենթադրում է, որ նույնիսկ դատավորի բացակայությունն անհարգելի ճանաչելու դեպքում այդ հանգամանքն արձանագրելուց հետո պետք է քննարկման առարկա դարձվի դատավորի բացակայությամբ դատական նիստը շարունակելու նպատակահարմարության հարցը՝ հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները:

«․․․Խորհուրդը մեկնաբանել է Դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ մասը այնպես, որ դատական նիստի մասին ծանուցված դատավորի բացակայությունը մեխանիկորեն հանգեցնում է դատական նիստը վերջինիս բացակայությամբ շարունակելուն՝ անկախ դատավորի բացակայության պատճառներից և այլ հանգամանք- ներից, որպիսի մեկնաբանությունը, չեզոքացնելով կարգապահական վարույթի մրցակցությունը»,-իր դիմումի մեջ նշել է Աննա Դանիբեկյանը։

Սահմանադրական դատարանը նշել է, որ կարող է գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում ընդունել, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

«․․․Բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։․․․Հաշվի առնելով դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը»,-նշվում է դիմումի վերաբերյալ դատական կազմի որոշման մեջ, որում ներառված են Հովակիմ Հովակիմյանը, Վահե Գրիգորյանը և Դավիթ խաչատուրյանը։

Դատարանը նշել է, որ այս դիմումով Աննա Դանիբեկյանը իր անհամաձայնությունն է հայտնում վերջինիս լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման բովանդակության հետ, սակայն հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում․ «Նշվածորոշման իրավաչափության ստուգումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից»: 

հունվարի 31-ին դատական կազմը որոշել է Աննա Դանիբեկյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել