Հրապարակվել է Վահագն Վերմիշյանի գործի վերաբերյալ ՍԴ որոշումը․ փաստաբանը դրանում քաղաքական ենթատեքստ է տեսնում

Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն անդրադարձել է Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի վերաբերյալ Սահմանադրական դատարանի փետրվարի 27-ի որոշմանը։

Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ երբ Վերմիշյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից դեռևս 2019 թվականին, նրա ազատումը բողոքարկել են Վարչական դատարան, առաջին ատյանը մերժել էր, սակայն, ի զարմանս իրենց, Վերաքննիչ դատարանը, դուրս գալով ներկայացված վերաքննիչ բողոքի ծավալից, մատնանշել է մեկ հիմք և բավարարել հայցադիմումը, բայց այդ փաստարկը, ըստ պաշտպանի, չէին բարձրաձայնել Վերաքննիչ դատարանի առջև։

Կոչուբաևի խոսքով՝ խնդիր էությունն այն էր, թե ով էր իրավասու Վահագն Վերմիշյանին ազատել պաշտոնից՝ վարչապետը, թե Կառավարությունը, ինչով էլ պայմանավորված հղում կատարվեց, որ Կառավարությունը պետք է ազատեր, և այդ հիմքով էլ անվավեր ճանաչվեց։ Հետագայում բերված վճռաբեկ բողոքի շրջանակներում, փաստաբանի համար անհասկանալի պատճառներով, Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց դիմել ՍԴ։ Նույն հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը նախկինում արդեն իսկ կայացրել էր որոշում, որով իրավական նորմերն արդեն մեկնաբանվել էին։

ՍԴ-ում գործով զեկուցող նշանակված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, իր խորին համոզմամբ սա արվել է մեկ նպատակով․ Գրիգորյանը ցանկացել է առավել մեծ ծառայություններ ցույց տալ իշխանություններին, որովհետև նմանատիպ հիմքով ազատվել են բազմաթիվ ծառայողներ, ոչ միայն Վերմիշյանը։

«Խնդիրը ճիշտ ընկալելու համար պետք է հասկանալ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում զուգահեռ իրականությունում, իսկ դա այն է, որ Վահե Գրիգորյանը ցանկանում է ընտրվել ՄԻԵԴ անդամ, և Հայաստանի Կառավարության կողմից, ի թիվս այլնի, առաջարկվելու է նաև իր թեկնածությունը կամ սրանով նա փորձել է ծառայել քաղաքական իշխանությանը, որպեսզի իր թեկնածությունը ևս առաջադրվի եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում»,-նշեց Ալեքսանդր Կոչուբաևը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել