Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։
Նշվում է, որ չնայած դատավորը հնարավորություն է ունեցել կարգապահական վարույթը նախաձեռնելու փուլից ներկայացնել դիրքորոշում կամ պատասխան, սակայն դա չի արել։
«Խորհուրդը որոշեց դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ ձգձգված և վաղեմության ժամկետի ավարտման հիմքով կարճված Ռոբերտ Քոչարյանի գործն ուներ բացառիկ կարևորություն թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի, թե՛ նրանց մեղսագրվող արարքների քրեաիրավական բնույթով։ Դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում ՀՀ դատաիրավական պրակտիկայի ամենակարևոր գործերից մեկով և պետք է արդյունավետ կազմակերպեր և ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն։ Դատավարությունը տևել է 4 տարի 4 ամիս, ինչը խորհրդի համոզմամբ տեղի է ունեցել, քանի որ դատավորը պատշաճ չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտականությունները»,-նշեց խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
Ըստ խորհրդի՝ Դանիբեկյանն է նպաստել Ռ․ Քոչարյանի գործով վաղեմության ժամկետի լրանալուն, ինչի արդյունքում էլ հեղինակազրկել է դատական իշխանությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին ԲԴԽ-ի պաշտոնական էջում տեսանյութ էր հրապարակվել, որով ԲԴԽ-ի աշխատակազմը դատավորներին է մեղադրել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Երանոսյանի, Գագիկ Խաչատրյանի և Մանվել Գրիգորյանի գործերի հետաձգման համար։ Դեպարտամենտը հորդորել էր վարույթ հարուցող մարմիններին, որոնց թվում է գործադիր իշխանությունը, տեսանյութը դիտարկել կարգապահական վարույթ հարուցելու ուղղությամբ գործողություններ իրականացնելու համար։ Կարգապահական վարույթի հարուցման առիթ դիտարկվել է Դատական դեպարտամենտի հրապարակած տեսանյութի՝ Iravaban.net կայքում վերահրապարակումը։