«ԲԴԽ-ն ոչ իրավաչափ որոշում է ընդունել»․ թեկնածուն զրկվել է բողոքարկման հնարավորությունից

Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով հունվարի 10-ին անցկացվել է որակավորման գրավոր քննություն, որի արդյունքները հրապարակվել են հունվարի 12-ին։ Գլխավոր դատախազության վարչության դատախազներից Աղավնի Մադոյանը 2-րդ ամենաբարձր հանրագումարային միավորն է ստացել, սակայն վերջնական ամփոփման մեջ վերջինիս անունը չի եղել:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Մադոյանը նշել է, որ ստացել է հանրագումարային 60 միավոր, սակայն խնդիրն այն էր, որ դատավարական իրավունքի թեստային առաջադրանքի համար սահմանված էր անցողիկ 18 միավորի շեմ, մինչդեռ նա ստացել է 16 միավոր, որի հետ համաձայն չէ։ Նա ցանկացել է սահմանված կարգով բողոքարկել արդյունքները, սակայն դա հնարավոր չի եղել։

«Գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել բողոքարկման հանձնաժողով՝ դրանք հրապարակելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում («Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 105.1 հոդվածի 1-ին կետ)։ Հաշվի առնելով այդ օրենքի բարձր իրավաբանական ուժը, ես կարիք չունեի այլ ենթաօրենսդրական նորմատիվ ակտում բողոքարկման այլ ժամկետ փնտրելու։ Ինքնին պարզ է, որ այդ ժամկետը որոշել է օրենսդիրը և որևէ վերապահում չկա, հետևաբար դրան հակասող ենթաօրենսդրական ակտ չէր կարող ընդունվել։ Մինչդեռ պարզվեց, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ օրենքով սահմանված 15-օրյա ժամկետը կրճատվել և սահմանվել է 5 օր, իսկ ես բողոքս ներկայացրել եմ 6-րդ օրը»,-նշում է Աղավնի Մադոյանը ու հավելում՝ իր համոզմամբ ԲԴԽ-ն կատարել է իր լիազորություններից չբխող գործողություն։

Նա նշում է, որ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ԲԴԽ-ի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ 175-րդ հոդվածով և Դատական օրենսգրքով։

«Ակնհայտ է, որ բողոքարկման ժամկետը սահմանող իրավանորմը՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 105.1 հոդվածի 1-ին կետը ԲԴԽ-ին այդ ժամկետին միջամտելու լիազորությամբ չի օժտել։ Հետևաբար, իմ գնահատմամբ ԲԴԽ-ի որոշումն այդ մասով իրավաչափ չի կարող համարվել։ Հավելեմ, որ ինձ համար մրցույթի վերջնական արդյունքը, այսինքն քննությունն անցնելը և հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելը բացարձակ կարևոր չէ։ Ինձ հետաքրքրող միակ հարցն այն է, որ ամեն ինչ լինի օրենքի սահմաններում և դրանից որևէ շեղում՝ ինձ համար անընդունելի է»,-նշում է թեկնածուն։

Աղավնի Մադոյանը նշում է նաև, որ խնդիրներ են առաջացել նաև քննական հարցերի հետ։ Նա նշում է, որ քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի դատավարական իրավունքի թեստի 30 հարցերից և ոչ մեկը չի առնչվել պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանը և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման գործերին առնչվող դատավարական հիմնահարցերին, ինչն ուղղակիորեն հակասում է Դատական օրենսգրքին և ԲԴԽ համապատասխան որոշմամբ սահմանված կարգին։

«Փոխարենը ներառվել են այնպիսի հարցեր, որոնք դուրս են հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի լիազորության սահմաններից, հետևաբար՝ նշված հարցերով որևէ կերպ չէր կարող բացահայտվել մասնագիտացված դատարանի դատավորի համար կազմակերպվող մրցույթում հավակնորդի՝ տվյալ ոլորտում ունեցած գիտելիքներն ու հմտությունները»,-նշում է Մադոյանը։

Նա նշում է, որ խնդիրները մանրամասն ներկայացրել է ԲԴԽ-ին։

«Ժամկետի հետ կապված պատճառաբանել էին, որ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14.04.2021թ. թիվ ՀՕ-331- Ն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ նախադասությունն է լիազորել ԲԴԽ-ին նոր ժամկետ սահմանելու։

Այդ կապակցությամբ հարկ եմ համարում նշել՝ նախ նշված իրավանորմը՝ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի եզրափակիչ և անցումային դրույթն է, որը ԲԴԽ-ին չէր կարող օժտեր այնպիսի լիազորությամբ, որը նա չուներ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։ Ավելին ասեմ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով բացահայտված է իրավական ակտի անցումային և եզրափակիչ դրույթների կարգավորման առարկան, նպատակները, որոնց մեջ ակնհայտորեն չի կարող մտնել մայր փաստաթղթով սահմանված, փոփոխության և լրացման մասին օրենքի հիմնական մասով փոփոխության և լրացման չենթարկված իրավանորմին հակասող որոշում ընդունելու լիազորություն տալու հնարավորությունը, հետևաբար, նշված պատճառաբանությունն իմ գնահատմամբ հիմնավոր չէ։ Իսկ թեստային առաջադրանքի վերաբերյալ ԲԴԽ-ից դեռևս արձագանք չկա»,-ասում է Մադոյանը։

Նա նշում է նաև, որ ԲԴԽ-ն չունի թեստային առաջադրանքների համապատասխանությունը մինչև մրցույթի անցկացման պահը ստուգելու լիազորություն և չի կարող որևէ կերպ կանխել օրենքին հակասող թեստային առաջադրանքով մրցույթի անցկացումը, սակայն ԲԴԽ-ն պարտավոր է գնահատման արդյունքներն ամփոփելիս ստուգել, թե որքանով են թեստային առաջադրանքները համապատասխանում օրենքին և ԲԴԽ որոշմամբ հաստատված պահանջին. «Եթե Բարձրագույն դատական խորհուրդը չվերահսկի թեստային առաջադրանքների որակը և մրցույթի օրինականությունը, կստացվի, որ օրենքով և ԲԴԽ որոշմամբ սահմանված կարգը կկրի ձևական բնույթ, իսկ դրանց խախտումը կհանգեցնի մի շարք էական խնդիրների»։

Հարցին՝ ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել, Աղավնի Մադոյանը պատասխանեց.

«Իհարկե գիտեմ՝ ինչ է իրենից ներկայացնում օրենքի խախտմամբ ընդունված վարչական ակտը, ինչպես կարելի է այն վիճարկել, առավել քան պատկերացնում եմ վարչական ակտի վիճարկման հնարավոր հետևանքները՝ նաև միջանկյալ, պատկերացնում եմ նաև ինչ կարելի է անել այն դեպքում, երբ վարչական մարմինը հրաժարվում է ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը։ Փաստարկներիս, հիմնավորումներիս մեջ որևէ կասկած չունեմ, թերահավատ չեմ նաև վարչական դատարանի բարձր որակի հանդեպ։ Սակայն, հաշվի առնելով այն, թե պետության հակակոռուպցիոն ռազմավարության տեսանկյունից որքան կարևոր նշանակություն ունի հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի հնարավոր սեղմ ժամկետներում ստեղծումը, բնականաբար իմ մասնավոր շահը չեմ կարող չստորադասել, որևէ գործողություն այս առումով չեմ պատրաստվում ձեռնարկել»,-նշել է նա։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել