Մեր հայրենիքում բախվում ենք մի շարք խնդիրների․ մտքներովս էլ չէր անցնի, որ նման խնդիրներ կառաջանան։ Այս մասին Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ մեկ հրամանագրով 120 հազարից ավելի արցախցիներ չեն համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իսկ քաղաքացիություն ստանալը երկար և ժամանակատար գործընթաց է։
«Բնակարանային ապահովման ծրագիրը թերի է գործում։ Որոշակի փոփոխություններ եղան, բայց դրանք խորքային չէին։ Ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք։ Մոտ 20 հազար արցախցիներ արտագաղթել են և չեն վերադարձել հայրենիք։ Խնդիրներից կուզենայի առանձնացնել քաղաքացիություն ստանալու գործընթացները, որոնցով անցնել շատերը չեն ցանկանում, քանի որ իրենց համարում են ՀՀ քաղաքացի։ Այս պահին հրատապ խնդիրը սոցիալականն է։ Ամեն օր ընդունում ենք տասնյակ արցախցիների, որոնք բնակվարձի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն։ Բավականաչափ ծրագրեր չեն գործում, որպեսզի արցախցիները մնան հայրենիքում։ Առաջնային խնդիր է մեր ձայնը միջազգային հարթակներում բարձրացնելը, մինչդեռ Հայաստանի կառավարությունը ղարաբաղյան հակամարտությունը համարում է փակված, ինչը անընդունելի է։ 150 հազար արցախցիներ այսօր ապրում են կտրված իրենց հողից։ Նմանատիպ բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք մինչ օրս չեն լուծվել»,-ասաց նա։
Նժդեհ Իսկանդարյանը նշեց, որ 12 հազարից ավելի արցախցիներ ընդունել են ՀՀ քաղաքացիություն։ Նա ընդգծեց, որ կա բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկ, ինչի հետևանքով բնակարանների գները զգալի բարձրացել են։
«Մարդիկ դժվարությամբ են կարողանում հիփոթեք ձևակերպել․ երբեմն աշխատավարձը չի բավարարում, կամ էլ ընտանիքի անդամների քանակն է խոչընդոտ։ Մեզ հետ քննարկումների ընթացքում ասում են, թե հնդիկներն էլ են անցնում այս գործընթացով, սակայն նման համեմատությունը պարզապես անընդունելի է»,-ասաց ԱՀ պետնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։