«Շուտով 2 տարի կլինի հեռավորությունից, ես վստահ եմ՝ որևէ արցախցի չի մոռացել այդ ապրումները, իսկ այն ինչ որ տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին, միգուցե հոգու փոքրիկ անկյունում սպասում էինք բոլորս նման մի բանի, որովհետև Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունը հենց դրա մասին էր ասում, բայց ամեն դեպքում փորձում էինք մեր մեջ հերքել, որ 21-րդ դարում հնարավոր է ցեղասպանություն»,-նշում է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով, որ բոլոր արցախցիները ընտրության առաջ էին կանգնել՝ ֆիզիկապես փրկվել, թե մնալ անորոշ իրավիճակում։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ արցախցիների շրջանում առկա հոգեբանական խնդիրներն այս 2 տարիների ընթացքում ոչ թե մեղմացել, այլ ավելի են խորացել։ Խոսելով արցախահայերին տրվող սոցիալական աջակցության ու բնակապահովման ծրագրերի մասին՝ նա նշեց, որ այդ գումարները խնդիրների լուծում չի կարող համարվել, քանի որ այժմ էլ նրանք դժվարությամբ են աշխատանք գտնում։
«Ինձ շատ են դիմել մարդիկ, ովքեր փորձել են վարկ ստանալ, չի տրվում, որովհետև դեռևս 2020 թվականի պատերազմից հետո կան չմարված վարկեր, ու մարդիկ սև ցուցակում են, այդ վարկերը ոչ թե մարդիկ ունեին մարելու պարտավորություն, այլ այն ժամանակ Արցախի իշխանությունները որոշեցին, որ պատերազմից հետո վարկերի շատ տեսակներ մարելու է պետությունը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։